Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից

Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված 
խնդրից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի կողմից Սիրիա գործուղվող խմբի առաքելությունը բացառապես հումանիտար է, և այն ոչ մի միլիմետր չի շեղվի դրանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակը աջակցելն է Հալեպի, Սիրիայի հայ համայնքին, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքին: Այդ խումբն ունի բացառապես հումանիտար առաքելություն, որի հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է, կոնկրետ՝ հալեպահայությունը, որովհետև այսօր, ինչպես նախկինում, հայության մեծամասնությունը կենտրոնացված է Սիրիայում: Կային մտահոգություններ, որ միջազգային մեր գործընկերների կամ նրանց մի մասի համար անընդունելի կլինի այսպիսի առաքելության իրականացումը: Բայց մենք ունենք ըմբռնում իմ ձևակերպած առաքելության շրջանակներում, և մեր բոլոր գործընկերները ըմբռնմամբ են մոտենում մեր ցանկությանը: Մենք կիրականացնենք այդ առաքելությունը ճշգրիտ մեր նկարագրածի շրջանակում, և ոչ մի միլիմետր դրանից ավելի»,- ասաց Փաշինյանը:

Հումանիտար առաքելության խմբի ծախսերը կիրականացվեն ՀՀ բյուջեով նախատեսվածի շրջանակում:

«Այդ ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված շրջանակում և, բնականաբար, մենք այդ ամենը նախատեսել ենք, որ պատշաճ ձևով իրականացվի: Ծրագիրն իրականացնելիս պետք է զուգահեռ իրականացվեն նաև դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկաֆինանսական միջոցները, և ապահովվի ամենը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ում կողմից է եղել այդպիսի ծրագիր իրականացնելու առաջարկը:

«Առաջինը՝ նպատակի ձևակերպումն է, և այդ նպատակը, ըստ էության, շատ երկար ժամանակ ձևակերպվում է թե Սիրայի հայության կողմից, թե Հայաստանի հանրության կողմից, և մենք անընդհատ տարբեր կառույցների առաջ, այդ թվում և՛ Ռուսաստանի, և՛ Սիրիայի կառավարությունների առաջ հարց ենք բարձրացրել՝ Սիրիայի մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները լուծելու առումով, այդ թվում հումանիտար ու ականազերծման: Այդ քննարկումների արդյունքում ծագել է գաղափար, որ քանի որ Սիրիայում իրավիճակը փոխվել ու փոխվում է, և, ըստ էության, կարծես թե, պրոցեսները պարզ են, թե ինչ ուղղությամբ են գնում, պետք է պատրաստվել խաղաղ կյանքի: Այդպես ծագել է գաղափարը, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք կոնկրետ հալեպահայության խաղաղ կյանքի համար որոշակի դաշտ ստեղծելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]