Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից:

Այս մասին ՀՀ ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը ոչ թե բոլոր, այլ հենց անհատ տաքսու վարորդների մասին է: Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճար կատարելու անհրաժեշտություն չունեն: Մարդիկ կարող են գործունեության այդ տեսակն ազատ իրականացնել առանց վճար ունենալու: Մոտավոր 50 հազար մարդու մասին է խոսքը: Եթե մենք չոր հաշվարկ անենք, ապա այս քայլով կստացվի Երևանում այդ մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք 12 հազար դրամով, մարզերում՝ 8 հազար դրամով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե երբ ժողովրդի աշխատելու մասին է խոսում, ապա դա նշանակում է, թե մարդկանց մեղադրում է ծուլության մեջ:

«Քավ լիցի, այդ մասին խոսել եմ տասնյակ անգամ: Մենք մեր ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որը աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել է աղքատությունը: Մարդուն ասել են աղքատ ես, նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, հենց աշխատես՝ նպաստից կզրկենք: Հարցն այն է, թե ինչու ենք աշխատունակ մարդուն ընդհանրապես նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ նպաստը թիրախային տրամադրելուն: Օրինակ, շահառուն լինի երեխան, ով սոցիալական աջակցության կարիք ունի: Ու այդ աջակցությունը տալու ժամանակ չդնենք պայման՝ ասելով, եթե քո հայրդ աշխատի, ապա կզրկվես օգնությունից: Գումարը տանք հասցեական, երեխային, թոշակառուին, անաշխատունակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս իմաստով իրենց կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը, քաջալերելու են քաղաքացիներին, որ ուղղեն մեջքը, հավատան իրենց ուժերին և ստեղծեն արդյունք: Նա քաղաքացիներին կոչ արեց, որ իրենց աղքատության հետ չհամակերպվեն:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ