Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փրկությունը բառի ճանապարհն է. Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը Թբիլիսիում

Փրկությունը բառի ճանապարհն է. Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի 
շնորհանդեսը Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գիրքը, որը հեղինակը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, թարգմանվել է ավելի քան 18 լեզվով: Օրերս դրա վրացերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ Վրաստանի գրողների միությունում: Գրքի հաջողությունների և առհասարակ պոեզիայի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է հեղինակի հետ:

«Գիրքը շատ լավ ընդունվեց վրացի ընթերցողների կողմից: Մեր հարևան երկրում ինձ արժանացրին Վրաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման, ինչի կապակցությամբ ուրախ եմ: Նշեմ, որ այս տարի շատ եմ ճանապարհորդում և եղել եմ նաև Քենիայում, որտեղ մասնակցել եմ Պոեզիայի համաշխարհային փառատոնին: «Լիբրետո անապատի համար» գիրքը թարգմանվում է նաև այնտեղ»,-ընդգծեց Սոնա Վանը:

Գրողը հավելեց, որ գիրքը թարգմանվել է նաև գերմաներեն և այն կներկայացվի գրքի մյունխենյան և լայպցիգյան ցուցահանդես-տոնավաճառներում:

«Լիբրետո անապատի համար»-ը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին, և ես հատկապես ուրախ եմ, որ հենց այս գիրքս է բազմաթիվ լեզուներով թարգմանվել, քանի որ այն ոչ միայն պոեզիայի հաղթարշավ է, այլև Հայոց ցեղասպանության հարցն ավելի ճանաչելի դարձնելու շրջանակներն ընդլայնելու հնարավորություն է տալիս: Գիրքը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև մինչ օրս քաղաքակիրթ աշխարհում իրականացվող այլ Ցեղասպանությունների և պատերազմների, մարդու իրավունքների ոտնահարման մասին է»,-շեշտեց Սոնա Վանը:

Մարդու իրավունքներ ասելով` նա առանձնացրեց կնոջ իրավունքը` բացատրելով, որ պատերազմը կնոջ անհատական թշնամին է, որովհետև կինը զավակներ է ծնում, իսկ պատերազմը խլում է նրանց: Սոնա Վանը ասաց, որ գրքով ցանկացել է կանանց ուշադրությունը սևեռել այդ հարցի վրա: «Կինը պետք է նախաձեռնի պատերազմների ավարտը: Պատերազմը դարձել է շատ շահավետ բիզնես, իսկ շահավետ որևէ բիզնես ինքնին չի ավարտվում: Կինն ունի պատերազմին վերջ տալու շատ կարևոր իրավունք, մարդկային իրավունք՝ պահպանելու իր զավակի կյանքը»,-համոզմունք հայտնեց բանաստեղծուհին:

Անդրադառնալով պոեզիայի էությանը, դրա յուրահատկությանը`Սոնա Վանը հավաստիացրեց, որ պոեզիան նոր մարդու կրոնն է: Նրա խոսքով` երբ ասում է, որ պոեզիան նոր մարդու կրոնն է, նկատի ունի այն, որ մարդն այսօր ընդունակ չէ կուրորեն հավատալ, քանի որ նա բավականին ինֆորմացված է, իսկ Աստվածային տարածք ներխուժելու ավելի հեշտ ու ավելի իրական ձև չկա, քան պոեզիայի, բառի ճանապարհը:

«Ես այդպես եմ համարում: Շատ հաճախ հարցնում են, թե այսօրվա աշխարհում արդյոք պոեզիան ունի՞ առաքելություն, ես պատասխանում եմ, որ չկա մեկ այլ բան, որն այսօր ավելի մեծ առաքելություն ունենա աշխարհն ավելի ներդաշնակ, մոլորակը բնակելի դարձնելու համար, քան պոեզիան: Ուզում եմ, որ բոլոր բանաստեղծները և բոլոր ընթերցողները մարդկությունը գան այն մտքին, որ փրկությունը բառի ճանապարհն է»,-եզրափակեց Սոնա Վանը:

Սոնա Վանը 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Քնարախոհական բանաստեղծությունների հեղինակ է:

Նա լույս է ընծայել «Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը» և այլ ժողովածուներ: Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հունարեն և այլ լեզուներով: Սոնա Վանն արժանացել է ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների ոսկե մեդալների:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]