Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի սկզբում նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված  հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները  չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց  գործունեությունն ապօրինի է,  եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին`  շարունակել են  շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության և հանրության պահանջը: Նման դեպքեր այլևս չեն լինելու», - նշել է Հայկ Մարությանը:

Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին  հանձնարարել է  քաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկել օրենքի պահանջի մասին՝ հետագա տույժերից ու տուգանքներից  խուսափելու  համար: Հիշեցնենք, որ համաձայն  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ: ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչությանն էլ  առաջարկվել է ուժեղացնել հսկողությունը տեխզննման ժամկետանց կտրոնների նկատմամբ:

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետը  վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ   հսկողության տակ պահել բնակելի շենքերի աղբամուղերի մաքրումն ու ախտահանումը:

Խորհրդակցության ավարտին  աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը,  վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հնաձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել  մայրաքաղաքի  ամանորյա տոնական ձևավորման ուղղությամբ՝ համաձայնեցնելով քաղաքի գլխավոր դիզայների հետ:

Աշխատակազմի  կազմակերպական  վարչությանը և  վարչական շրջանների ղեկավարներին   էլ  հանձնարարվել է  անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ  արտահերթ ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար:

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]