Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

«Հայաստանի հաշմանդամ մարզիկները մեծ ներուժ ունեն». Էնդրյու Փարսոն

«Հայաստանի հաշմանդամ մարզիկները մեծ ներուժ ունեն». Էնդրյու Փարսոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ակտիվացնում է աշխատանքը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ վերջին երեք տարին իրենք սերտ համագործակցում են Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ:

«Այդ համագործակցության շրջանակում աջակցություն ենք ստացել «Ագիտոս» հիմնադրամից՝ իրականացնելով մի շարք ծրագրեր: Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մենք կարողացանք մասնակցել մի շարք ուսուցողական հավաքների: Այս պահին մեր լեռնադահուկային թիմը մասնակցում է Դուբայում ընթացող ուսուցողական հավաքին: Հույս ունենք, որ 2022 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերին 4-5 մարզիկ կունենանք ներկայացնելու»,- նշեց Հակոբ Աբրահամյանը:

Նա կարևորեց Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնի այցը Հայաստան: Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ մի շարք հանդիպումներ են եղել Էնդրյու Փարսոնի հետ և դեռ նախատեսված են նոր հանդիպումներ: Հանդիպումներից մեկը հենց մարզիկների հետ է եղել, որոնք ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկել:

«Ընդհանրապես, վերջերս մարզիկների ոգևորությունն աճել է: Մենք ամեն տարի կազմակերպում ենք հաշմանդամների սպորտի փառատոն, որին Հայաստանի տարբեր մարզերից 100-120 հաշմանդամություն ունեցող մարզիկ է մասնակցում: Այս ոլորտում շատ անելիքներ կան, որովհետև մարզահամալիրների զգալի մասը հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են: Այս պայմաններում նրանք հնարավորություն են գտնում կազմակերպելու իրենց մարզումները»,-ասաց Հակոբ Աբրահամյանը:  

Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնը նշեց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում: Այստեղ կազմակերպվող տարբեր հանդիպումներով, քննարկումներով փորձում են առանձնացնել խնդիրները և հասկանալ, թե ինչպես զարգացնել Հայաստանում սպորտը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Ինչի՞ է պետք զարգացնել հաշմանդամային սպորտը. սա է հիմնական հարցը: Առաջին հերթին՝ հաշմանդամություն ունեցող անձինք սպորտով զբաղվելու իրավունք ունեն, դրանից բացի, սպորտով զբաղվող հաշմանդամություն ունեցող մարզիկներն իրենց օրինակով ներշնչում եմ ավելի երիտասարդ սերնդին, որպեսզի ակտիվ լինեն: Մյուս կողմից հասարակության վերաբերմունքն է փոխվում: Երբ տեսնում են, թե հաշմանդամություն ունեցող անձն ինչեր կարող է անել, կարծես հասարակության տարբեր շերտերի մոտ պատասխանատվություն է ծնվում, որ օգնեն պարալիմպիկ շարժմանը»,-ասաց Էնդրյու Փարսոնը: Նա նկատեց, որ Հայաստանի մարզիկները մեծ ներուժ ունեն, և հույս հայտնեց, որ առաջիկայում միջազգային մրցումներում հաջողություններ կունենան:

Էնդրյու Փարսոնը 2017 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի պաշտոնը, մինչ այդ եղել է ԱՄՆ-ի պարալիմպիկ կոմիտեի, ապա Բրազիլիայի պարալիմպիկ կոմիտեի նախագահը: Նա Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդի անդամ է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]