Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հիմա ՀՀԿ-ն ընդունում է, թե չի ընդունում իր սխալները

Հիմա ՀՀԿ-ն ընդունում է, թե չի ընդունում իր սխալները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն նախօրեին հրապարակեց կուսակցության մանիֆեստը, որտեղ քաղաքական գնահատականներ էր տալիս ինչպես իր իշխանավարության շրջանին, այնպես էլ ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններին։ Թեպետ փաստաթուղթը կարծես հանդիսանում է ՀՀԿ-ի քաղաքական թևի ներկայացուցչիների վերջին շրջանի հայտարարությունների ամփոփագիրը, դրանում առավել հետաքրքրական է սեփական սխալների ընդունման փաստն ու դրանց հականե հավանե նշագրումը։ Ծանոթանալով, թե կոնկրետ ինչն է կուսակցությունը համարում իր սխալը, կարելի է եզրակացնել, որ իրադարձությունների այս ողջ բովից ՀՀԿ-ն որևէ դաս չի քաղել։

Ընդհանրապես, ժողովրդավարական հասարակարգերում սեփական սխալների մասին խոսելն անշնորհակալ գործ է, որովհետև դա թերևս ամենահաջողն իրականացնում են քաղաքական ուժի կամ գործչի հակառակորդները։ Սակայն սեփական սխալներն ընդունելն ու դրանց մասին հրապարակային բացատրություն ներկայացնելն առաջին հերթին քաղաքական պատասխանատվության դրսևորում է՝ թե՛ սեփական կուսակցության, թե՛ հանրության առաջ։ ՀՀԿ-ի դեպքում այդ պրակտիկայի որդեգրումը դրվատելի կլիներ, եթե վերոնշյալ մանիֆեստում արտացոլվեր կուսակցության իրական վրիպումների ընկալումը։ Մինչդեռ ՀՀԿ-ն այդ ճանապարհով, ըստ էության, համառորեն չի գնում։ Ասվածի օրինակը կարելի է գտնել հենց մանիֆեստի «3.1. սխալներ և բացթողումներ» բաժնում, որտեղ գերագույն թերացում է համարվում կուսակցության ղեկավարության ու շարքային անդամների միջև կապի թուլացումը։ Անմիջապես հաջորդ կետում, սակայն, պարզվում է, որ այդ կապի խզումը պատճառաբանվում էր ՀՀԿ վերնախավի՝ պետական գործերով զբաղված լինելով։ Տպավորություն է, որ ՀՀԿ վերանախավը կուսակցական ու պետական շահերի միջև ընտրել է վերջինը և այդպիսով թուլացրել կուսակցությունն ու իբրև պատասխան ստացել հեղափոխությունը։ Ավելին՝ մեղավոր են հռչակվում այն անձինք, ովքեր կուսակցական դառնալը նույնացրել են իշխանության մեջ լինելու հետ։ Հաջորդ սխալը հռչակելով կուսակցության գաղափարական պլատֆորմը հանրությանը չներկայացնելը՝ ՀՀԿ-ն մոռանում է, որ նախ այդ պլատֆորմը պետք է ինքնին քաղաքական լիներ, այլ ոչ թե հիմնական սկզբունք հռչակեր «ապաքաղաքական քաղաքականությունը»։ Վերջապես, ՀՀԿ-ն հայտարարում է, որ որոշ հարցերում ավելորդ հանդուրժողականություն է ցուցաբերել։ Ավելի քան տասը տարի Հայաստանում իշխանության ձևավորման միակ միջոցը՝ ընտրական գործընթացն աղճատելու քաղաքականություն վարած, Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը ծածկադմփոցի վերածած կուսակցության կողմից նման ձևակերպումը լավագույն դեպքում, կարելի է համարել, քաղաքական ցինիզմ։ Այդ նույն շարքում է կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ տեսնելը, արհեստավարժ կադրերի պակասից տրտնջալը, խայտառակ արտագաղթը որպես «ժողովրդագրական խնդրահարույց ցուցանիշներ» ներկայացնելը և այլն։ Այլևս անիմաստ համարելով մանիֆեստի մանրամասն վերլուծությունը՝ բավական է ասել, որ ավելի քան տասը տարի ՀՀԿ-ի անդուլ ջանքերով պետական համակարգում հայտնվելու ճանապարհն անցնում էր Մելիք-Ադամյան փողոցով և դեռ այդքանից հետո կուսակցության ղեկավարությունը համարձակվում է խոսել պրոֆեսիոնալների պակասի մասին։

Արձանագրելի է, որ ՀՀԿ-ի ապաշխարանքն այդպես էլ չանդրադարձավ այն կարևոր ու հիմնարար հարցերին, որոնք իսկապես ծնեցին հեղափոխությունն ու քաղաքական լուսանցք մղեցին 10-ամյա իշխանավարություն իրականացրած կուսակցությանը։ Տպավորություն է, որ կուսակցությունը խոսել է սխալների մասին՝ սոսկ ինքնանպատակությունից ելնելով։ Այլապես տարօրինակ են այդպիսի մեկնաբանությունները՝ զուգորդված 10-ամյա քաղաքականության «նվաճումների» հետ, որոնք թվարկված են մանիֆեստի հաջորդ հատվածներում։ Ի դեպ, վերջինները նույնպես աչքի են ընկնում իրենց հակասականությամբ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հասարակության ունեցած սպասումների շարքում ՀՀԿ-ն մատնանշում է երկրում կոռուպցիայի վերացումն ու օլիգարխիայի արմատախիլ լինելը։ Ստացվում է՝ ՀՀԿ-ն ընդունում է, որ իր իշխանավարության շրջանում Հայաստանն օլիգարխիկ պետություն է եղել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եթե Հայաստանը լիներ պարտոկրատիա, ՀՀԿ-ի պնդումներն ինչ-որ տեղ կարելի էր տրամաբանական համարել։ Ավելին՝ այսօրինակ բառապաշարով կուսակցությունը կարծես իրեն յուրօրինակորեն նմանեցնում է ԽՄԿԿ-ի հետ, որը փաստացի կլանել էր ողջ պետակառավարման համակարգը, և կուսակցության ներքին տեղաշարժերն էին, որ պայմանավորում էին պետության ու քաղաքացու իրավահարաբերությունները։ Փաստացի, ՀՀԿ-ն ենթագիտակցորեն իրեն նույնացնում է ԽՄԿԿ-ին. ավանդույթ, որը նկատելի էր դեռևս նախորդ տասնամյակում, երբ կուսակցական նիստերում էին որոշվում պետական հարցերը։ Իսկ այժմ, ապաշխարանքի օպերացիայում կուսակցությունն ի վիճակի չէ ձերբազատվելու խորհրդային զազիր ավանդույթներից ու դեռ հավակնում է այդպիսի ընդդիմություն լինել։

Այսպիսով, նշյալ մանիֆեստն աչք է զարնում իր կեղծ քաղաքական բնույթով։ Իսկ դրա կեղծավորությունը բացեիբաց դրսևորվում է ՀՀԿ ներկայացուցիչների նախկին հայտարարությունների վերաշարդրմամբ, որպիսի տրամաբանությամբ էլ հենց կառուցված է փաստաթուղթը։ ՀՀԿ-ում քաղաքական սկզբունքայնությունը կարծես շփոթել են նախկին սխալներն անընդհատ կրկնելու, դրանք շարունակաբար արդարացնելու, հասարակությանը պարտադրելու սովորության հետ, որից կուսակցությունն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել։ Եթե իշխանական կարգավիճակն ու լծակները նմանօրինակ վարքի համար հնարավորություն, այնուհանդերձ, ընձեռում էին, ապա ընդդիմության հիմնական կենտրոնին այդպիսի գործիքակազմով հավականել անխուսափելիորեն չի ստացվելու։ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերով՝ ողջ հասարակությանը հնարավոր չէ մշտապես հիմարացնել։ 

Նժդեհ Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]