Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Չեմ սիրում ենթարկվել այլ ռեժիսորների. անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Արծրուն Մանուկյանի «Նորամուտը»  

Չեմ սիրում ենթարկվել այլ ռեժիսորների. անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Արծրուն 
Մանուկյանի «Նորամուտը»

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա առաջին անիմացիոն ֆիլմը միանգամից մրցանակի արժանացավ՝ այն էլ միջազգային փառատոնում: Նա վստահ է՝ անիմացիոն ֆիլմերն անսահմանափակ ինքնարտահայտման ու ինքնադրսևորման հնարավորություններ են ընձեռում ցանկացած ստեղծագործողի: Անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» 10-րդ միջազգային փառատոնի «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ» անվանակարգում այս տարի հաղթող ճանաչվեց ԵԹԿՊԻ-ի ուսանող, 21-ամյա ռեժիսոր Արծրուն Մանուկյանի «Տուր ինձ խաղաղություն» ֆիլմը: «Նորամուտ»-ի հերոսն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծում պատմում է «ՌեԱնիմանիա»-ի, պատերազմի մասին պատմող անիմացիոն ֆիլմի և անիմացիոն  կինոյի ուղին ընտրելու մասին:

Անիմացիան՝ կյանքի անբաժան ուղեկից

Մասնագիտության ընտրությունը կայացրել եմ 3 տարի առաջ, ընտրեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի անիմացիոն ռեժիսուրա բաժինը: Կհարցնեք՝ ինչո՞ւ եմ ցանկանում հենց մուլտֆիլմերի ստեղծմամբ զբաղվել:
Կարծում եմ, որ մուլտֆիլմերի դեպքում երևակայությունդ անսպառ է, կարող ես անել այն, ինչ ուզում ես: Հնարավորություն ունես անշունչ իրերին կյանք ու կարևորություն տալ: Դա ինչ-որ հանճարեղ բան է:

Առաջին մուլտֆիլմս ստացել եմ հասարակ զինվորիկ-խաղալիքների միջոցով: Իմ խնդիրն էր հասկանալ, թե ես որպես ռեժիսոր ինչ պետք է անեմ:

Երեք սիրելի անիմացիոն ֆիլմերի ռեժիսորներ ունեմ: Իմ սիրած անիմացիոն ֆիլմերի հեղինակներն են Սիլվեն Շոմեն, Հայաո Միյաձակին և Գարրի Բարդինը: Նրանց երեքի ոճերն էլ տարբեր են, և նրանցից շատ բան եմ սովորել:

Չենթարկվելու մղում 

Արվեստագետների ընտանիքից եմ, ի ծնե արվեստի մեջ եմ եղել՝ թատրոնում կուլիսներից նայում էի դերասաններին: Չեմ կարողանում ենթարկվել այլ ռեժիսորների, դրա համար ինքս ռեժիսոր դարձա: Սիրում եմ ինձ «ենթարկեցնել» այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան ունեմ ստանալու: Բայց պետք է ասեմ, որ մուլտֆիլմերի դեպքում անշունչ առարկաների հետ ես աշխատում: Եվ դա պակաս հետաքրքիր չէ:

Առաջին մրցույթը, առաջին մրցանակը

«ՌեԱնիմանիա»-ն առաջին մրցույթն էր, որին մասնակցեցի և միանգամից մրցանակի արժանացա: Փառատոնի «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց իմ «Տուր ինձ խաղաղություն» անիմացիոն ֆիլմը: Այն պատերազմի մասին է, հակամարտող պետությունների մասին: Պատերազմի ընթացքում զոհվում են անթիվ, անհամար զինվորներ և անգամ վերջին պահին, երբ, թվում է, կարելի է խուսափել մահվանից, մահը դառնում է անխուսափելի: «Ո՛չ պատերազմին, ո՛չ մահվանը, ո՛չ արհավիրքին, ո՛չ դաժանությանը». հենց սա է ֆիլմի կարգախոսը: Ֆիլմի վրա, բացի ինձնից, աշխատել են Ալեն Հովակիմյանը (անիմատոր) և Նարեկ Ալեքսանյանը (օպերատոր):

Առաջին ֆիլմս էր և առաջին մրցանակս: Հուսամ՝ ոչ վերջինը: Մրցանակը ստանալիս շատ հուզված էի, շատ ուրախ: Նպատակ կա ֆիլմը ներկայացնել նաև այլ փառատոնների:  

Ամեն ինչ՝ ստեղծագործելու համար

Ստեղծագործելուն ոչինչ չի խանգարում: Ես ինչ անում՝ չեղած բանով եմ անում: Ինչ-որ նոր բան եմ ստեղծում: Եթե ստեղծագործելու ցանկություն կա, ապա ամեն ինչ կանեմ դրա համար: Իհարկե, ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Նոր անիմացիոն ֆիլմ լվացքի ու սիրո մասին

Հիմա նոր անիմացիոն ֆիլմ եմ նկարում լվացքի մասին, կոչվում է «Քաղաքի երազողները»: Նոր ֆիլմս պատմելու է տաբատի և կիսաշրջազգեստի մասին, որոնք սիրահարվում են, թռչում են քաղաքի վրայով: Նրանց սերը առիթ է հանդիսանում տղայի և աղջկա հանդիպմանը:  Այս ֆիլմում թիմս ավելի է մեծացել, ընդգրկել եմ նկարչի, նաև դերասաններ են լինելու:

Հետագայում անպայման անցում եմ կատարելու նաև գեղարվեստական ֆիլմերի: Բայց այս պահին ինձ շատ է հետաքրքրում անիմացիան:

 Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի




Այս թեմայով

... վերջին լուր "«Նորամուտ»" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ