Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արևելագետները մեծ ներդրում ունեն Հայաստանի տարբեր պատասխանատու ոլորտներում. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

Արևելագետները մեծ ներդրում ունեն Հայաստանի տարբեր պատասխանատու 
ոլորտներում. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Ֆակուլտետի շրջանավարտներն այս տարիներին իրենց մեծ ներդրումն ունեն գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատանքներում, տարբեր պատասխանատու ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 9-ին ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այս ֆակուլտետի հիմքի վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որ մենք ունենք: Հայաստանը Մետաքսի ճանապարհի կենտրոնը, տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկը, քաղաքական հսկայական իրադարձությունների կենտրոնն է: Եվ այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է իր դերը ստանձնի: Եվ այդ դերի մեջ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը: Այսօր Հայաստանի համար առաջ գնալու ճանապարհը բաց համակարգն է, աշխարհի հետ շփվելը, համագործակցելը: Այս դեպքում արևելագիտությունն ավելի խորը հասկացություն է դառնում»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

 Նախագահն առաջարկեց ֆակուլտետում արաբագիտության, թուրքագիտության և իրանագիտության ֆակուլտետների շարքն ընդլայնել նաև հնդկագիտության և այլ ֆակուլտետներով: «Ինձ համար արևելագիտությունն ավելի լայն պետք է լինի: Չեմ կարծում, որ այսօրվա արևելագիտությունը սահմանափակվում է միայն գիտական-ակադեմիական հետազոտությամբ, այսօր արևելագետները Հայաստանի փայլուն դիվանագետներից են: Արևելագիտությունն այսօր նաև պետական ծառայություն է, շատ արևելագետներ ԱԺ-ում են, պետական ծառայության մեջ: Արևելագիտությունը նաև տնտեսական հարաբերություն է: Արևելագիտությունը շատ խորն է»,-նկատեց նա:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ֆակուլտետն ունի ակադեմիական լուրջ ավանդույթներ: Ֆակուլտետը նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել: Ուսանողներն ու դասախոսները միշտ շատ ակտիվ են եղել: «Տարբեր ոլորտներում, յուրաքանչյուր գերատեսչությունում, հատկապես արտաքին գործերի նախարարությունում արևելագետները մեծ ներդրում ունեն: Շրջանավարտների սերունդները մեծ հաջողությունների են հասել»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս նա նշեց մի քանի առանձնահատկություն՝ ակադեմիական ազատ մշակույթի նվազագույն վարչարարությունն ու իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այս օրը խորհրդանշական է ֆակուլտետի համար: Նա հոբելյանական այս տարեթիվը լավագույն առիթներից համարեց՝ ամփոփելու հայկական արևելագիտության ձևավորման, կայացման և զարգացման հարցը: Նա հիշեց ֆակուլտետի երախտավորներին, ֆակուլտետի պատմությունն ու ներկայացրեց նորօրյա գործունեության արդյունքները:

«Մենք ֆակուլտետում ստեղծել ենք նաև նոր ուղղություններ՝ օսմանագիտություն, ադրբեջանագիտություն և թալիշագիտություն»,-նշեց դեկանը:

Հոբելյանական նիստին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը փոխանցեց  նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի  խոսքը:  «Տարբեր տարիներ արևելագետները համալրել են ՀՀ պաշտպանության նախարարության շարքերը: Տարբեր պատասխանատու ոլորտներում մեծ ներդրում են ունեցել և ներկայում էլ շարունակում են ունենալ: Պաշտպանության նախարարության և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի միջև ձևավորվել է սերտ համագործակցություն: Այդ համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ»,-նշեց նա:

Նիստի ավարտից հետո մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18), որը տևելու է 2 օր՝ նոյեմբերի 9-10-ը: Կոնգրեսը նվիրված է ֆակուլտետի 50-ամյակին և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին: Կոնգրեսին մասնակցում են շուրջ երեք տասնյակ գիտնականներ արտասահմանից (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]