Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՊՀ ուսանողական խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում. նախարարի պաշտոնակատարը խոստացավ հարցը մանրամասն ուսումնասիրել

ԵՊՀ ուսանողական խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում. նախարարի 
պաշտոնակատարը խոստացավ հարցը մանրամասն ուսումնասիրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամները բողոքի ակցիա են իրականացնում ուսխորհրդի կազմը չլուծարելու համար: Նրանք մտահոգված են  ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի գրությամբ, որում նշված է եղել, որ պետք է կազմը լուծարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ իրենց մտահոգությունները ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին ներկայացրեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Մեր բողոքը կապված է փոխնախարարի գրության հետ: Նշված է, թե կազմը պետք է լուծարվի: Մենք ընդունում ենք, որ մենք կանոնադրական որոշակի անհամապատասխանություններ ունենք: Մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ փոփոխությունները կատարելու համար, կարծում ենք, որ մեր կառույցը արդար հիմքերով է ձևավորված: Պատրաստ ենք կանոնադրություն մշակել, որը կհաստատվի մեր համագումարով, այլ ոչ թե կազմը լուծարել: Եվ դա կներկայացնենք նախարարություն»,-ասաց Ափոյանն ու նշեց, որ շատ ուրախ կլինեն, եթե նախարարությունն իրենց տրամադրի որևէ օրինակելի տարբերակ, որը մինչ այս իրենք չեն կարողացել ստանալ:

Նրա կարծիքով՝ նախարարությունը պետք է ընդունի, որ ուսխորհուրդը ներկայացուցչական մարմին է՝ լեգիտիմ ճանապարհով ձևավորված և կարող է ինքնալուծարվել կամ իրավական ճանապարհով կամ դատարանի որոշմամբ: Նրա կարծիքով՝ նախարարությունը կամ որևէ այլ պետական մարմին չի կարող լուծարել ինքնաստեղծ մարմնին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ կանոնադրության անհամապատասխանությունները ոչ թե որոշակի են, այլ բավականին լուրջ: «Ես մասամբ տեղյակ եմ դրանից: Ես չեմ կարող բոլոր խնդիրներով զբաղվել, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն է զբաղվում դրանով: Ես ավելի մանրամասն կուսումնասիրեմ այդ խնդիրը: Չեմ կարծում, թե դրանում կարող է որևէ հակասական բան լինել: Բայց, կարծում եմ, քննարկումների միջոցով հարցը կլուծվի»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ գիտի՝ խնդիրը ուսանողական խորհրդի ձևավորման ընթացակարգերն են:  Նրա կարծիքով՝ ինչպես բոլոր համակարգերում, որտեղ տեղի են ունենում փոփոխություններ, բարեփոխումներ, ուսխորհուրդներն էլ պետք է այդ փուլը անցնեն: «Եթե ուսխորհուրդները վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, ապա դա նրանց համար որևէ խնդիր չպետք է լինի»,-նկատեց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց՝ օրենքը պահանջում է, որ ուսանողական խորհուրդներն ունենան կանոնադրություններ և դրանք հաստատված լինեն նախարարության կողմից: Ըստ էության, դա տարիներ շարունակ չի եղել: «Եվ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց: Ամեն ինչ արվելու է օրենքի, օրինականության սահմաններում:  Մտահոգվելու կարիք չկա: Որևէ քաղաքական ենթատեքստ չկա»,-նշեց Հարությունյանը:

Նախարարի հետ հանդիպմանը նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ուսխորհրդի փոքր կազմով հանդիպում ունենան փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]