Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտոամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել փախուստի փորձի եղանակի, դրա կատարմանն 8 անձի մասնակցության վերաբերյալ։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի թիվ 008 խցում պահվող թվով 11 կալանավորված անձինք և դատապարտյալներ 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի կողմից, օրենքով սահմանված կարգով, ուղեկցվել են 6-րդ մասնաշենքում տեղակայված զբոսախուց:

Զբոսախցի մուտքի դուռը փակելու պահին, կալանավորված անձանցից մեկը բռնություն է գործադրել ուղեկցող անձի նկատմամբ և նրան մտցրել զբոսախուց, զրկել դիմադրություն ցույց տալու հնարավորությունից, որի ժամանակ մեկ ուրիշ կալանավոր տեսուչի մոտից խլել է մասնաշենքի խցերի դռների կախովի փականների բանալիները, ինչպես նաև` մասնաշենքերի մուտքերի և խցերի դռների փականների բանտային բանալին:

Չենթարկվելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոններին, բռնության գործադրումն ու փախուստի փորձը դադարեցնելուն ուղղված տեսուչի կոչերին՝ կալանավորներից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի 6 տարբեր խցերի դռները և իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված և դատապարտված անձ, ովքեր պահվել են թիվ 008 և 009 խցերում, բոլորն էլ՝ օտարերկրացի (ԻԻՀ քաղաքացի)։ Վերջիններս, անցնելով նկուղային հարկի միջանցքներով, հասել են 1-ին մասնաշենքի մուտքի դռանը, բռնություն գործադրել ծառայություն իրականացնող քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, սակայն չեն կարողացել բացել մասնաշենքի մուտքի դուռը և դիմել փախուստի, քանի որ տեսուչի ահազանգով անմիջապես թիվ 1 մասնաշենք են ժամանել քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ու կանխել փախուստի փորձը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված փախուստի փորձին այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ