1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀԿ-ները դեմ են իրենց վերաբերյալ ՊԵԿ-ի մշակած օրինագծերին

ՀԿ-ները դեմ են իրենց վերաբերյալ ՊԵԿ-ի մշակած օրինագծերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ դեմ են ՊԵԿ-ի մշակած «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 9-ին հարցի շուրջ հրավիրված հանրային քննարկում-սեմինարի ընթացքում հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հասարակական կազմակերպությունները, ըստ օրենքի, պարտավոր էին հանրային ֆինանսավորման մասով ներկայացնել հաշվետվություններ, և, եթե ներկայացվող գումարը գերազանցում էր 5 միլիոնը, ապա ներկայացներ նաև ֆինանսական աուդիտի եզրակացությունը: Քանի որ ՊԵԿ-ը 2018թ. փետրվարին ընդունված ոչ իրավաչափ որոշման հիմքով ոչ միայն հանրային ֆինանսների մասով էր հաշվետվություն պահանջում, այլ նաև ՀԿ-ների ամբողջ գործունեության ծավալով, որը չէր բխում օրենքից, և կար այդ խնդիրն ավելի ճշգրտելու անհրաժեշտություն, փաստացի, ՊԵԿ-ը, որպեսզի գնա և կատարի օրենքի պահանջները, հակառակ նախագիծն է բերում, որ այդ ոչ իրավաչափ որոշումը դարձնում է օրենքի մակարդակի»,- ասաց Զադոյանը:

Կարեն Զադոյանի խոսքով` նախկինում այս օրենքի նախագծերը քննարկվում էին Կառավարության ու ՀԿ-ների միջև, այսպիսով ՊԵԿ-ը խախտել է նաև այդ կոնսենսուսը: Հանրային քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ իրենց նպատակը հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների վրա վերահսկողություն սահմանելը չէ:

«Մենք փորձում ենք ինստիտուցիոնալ գործիքներ գտնել հաշվետվողականությունը բարձրացնելու համար: Ստեղծելու ենք անվճար էլեկտրոնային համակարգ, որտեղ կազմակերպությունները քայլերի հաջորդականությամբ կկարողանան ներկայացնել իրենց ֆինանսական միջոցների ստացման աղբյուրները և այն, թե ինչպես են դրանք ծախսվել: Սա կապված է նրա հետ, որ առաջ բավարար հաշվետվողականություն չի եղել, և այս հարցերի հետ կապված խնդիրներ են առաջացել դատական մարմիններում»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները պետական եկամուտների կոմիտեի գործողություններում հապճեպություն են նկատում, սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի խոսքով` իրենք չեն շտապում օրենքի նախագծերը ներկայացնել Ազգային ժողով:

«Մենք պատրաստ ենք կառուցողական քննարկման ու լսելու բոլոր շահագրգիռ կողմերին»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Սեմինար-քննարկման կազմակերպիչներն ու մասնակիցներն առաջարկեցին ետ կանչել օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ստեղծել ՊԵԿ-ՔՀԿ-ներ աշխատանքային խումբ` մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ համատեղ մշակելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]