Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Հայ երաժիշտները նոր ոգով մատուցեցին Արամ Խաչատրյանի կամերային գործերը


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում մեծանուն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները կատարեցին թավջութակահար Արամ Թալալյանը,  դաշնակահարներ Ջուլիետա Վարդանյանը, Անահիտ Դիլբարյանը, Լուսինե Հակոբյանը, ալտահար Յանա Դարյանը, ջութակահարներ Դավիթ Հակոբյանը և Սոնա Ազարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Ներկայացնելու եմ ալտի և դաշնամուրի համար գրված Խաչատրյանի սյուիտը: Դրա նոտաները վերջերս են գտնվել Խաչատրյանի նամակների մեջ. այն անգամ տպագրված չէ: Շատ հետաքրքիր գործ է: Ավաղ, Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները հաճախ չեն կատարվում, և այս համերգը դրանք հնչեցնելու հրաշալի հարթակ է»,- նշեց Յանա Դարյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի չորրորդ կուսի ուսանող Դավիթ Հակոբյանը, որը կատարեց կոմպոզիտորի ջութակի սոնատը՝ գրված 1932 թվականին, ասաց, որ Խաչատրյանն ամենավառ հայ կոմպոզիտորներից է, ամենահաջողակն է: «Խաչատրյանի գործերը հնչում են աշխարհի տարբեր բեմերում, կատարում են հանրահայտ երաժիշտներ: Ըստ իս՝ դա մեծ ձեռքբերում է»,- ասաց ջութակահարը:

Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Կիրականացվի նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում կկատարվեն ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները:

Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ