Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Վարչապետի գիրքը կրկին առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. հոկտեմբեր, 2018

«Երևանյան բեսթսելեր». Վարչապետի գիրքը կրկին առաջին հորիզոնականում է. հայ 
գրականություն. հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ընդհատակում էր: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…». Նիկոլ Փաշինյան:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը երկրորդ հորիզոնականում է: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Չորրորդ տեղում է Համո Սահյանի «Ընտրանի»-ն: Սահյանի ստեղծագործությունների ընտրանին մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունների մեկտեղումն է:

Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» տասնյակի վեցերորդ հորիզոնականում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» յոթերորդն է: Վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է:Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը,այլև նրա և Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը,բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ:Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով,անկումներով ու վերելքներով՝զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով: 

Վազգեն Սարգսյանի մահվանից շուրջ 20 տարի անց հրատարակվել է նրա «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Այն ութերորդ տեղում է: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, որը իններորդ հորիզոնականում է, պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որը տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան և երջանկության եզրին` հավատալով մարդուն, նրա հաղթանակին: Խեչոյանն անցել է այդ պատերազմի բովով և մեր գրականություն արդեն նորովի մեկնաբանությամբ և գեղարվեստական մշակումով ներմուծելով այդ թեման: Ինչպես գրողի, այնպես էլ ընթերցողի համար այս առումով պատերազմը դարավոր ոսոխի դեմ վավերականության և պատմական փաստի արժեք ունի, ուստի կրկնակի դժվարանում է թեմայի գեղարվեստական մշակման, գրականացման խնդիրը: Խեչոյանն ընտրել է օրագրային ոճը, ինչը իրականության արտացոլման առավելագույն ճշգրտություն է ապահովում: 

Կոստան Զարյանի «Սպանիան» տասներորդ հորիզոնականում է: 1934 թվականին Զարյանը մտահղանում է գրելու «Երկիրներ և Աստվածներ» գրքերի շարքը: Այդ շարքից իրագործված են միայն «Սպանիան» և «Միացյալ Նահանգները»: «Հոլանդիան» և «Իտալիան» մնացել են հատվածների տեսքով, մյուսները չեն իրագործվել: Զարյանի «Սպանիան» գրված է օտար երկրի առիթով ու օտար երկրի մասին, բայց նաև Հայաստանի մասին ու Հայաստանի համար:

Ցանկում այլևս տեղ չեն գտնելու նախկինում «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության որևէ մրցանակի արժանացած գրքերը՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիրքը նոր հրատարակություն է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 293
2 նոր

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

հեղ. հրատ 281
3 -1

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ. հրատ 35
4 0

Համո Սահյան

«Ընտրանի»

Զանգակ 23
5 *

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 17
6 -3

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

hեղ.հրատ 14
7 0

Հովիկ Չարխչյան

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 11
8 0

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 9
9 *

Լևոն Խեչոյան

«Սև գիրք, ծանր բզեզ»

Անտարես 5
10 *

Կոստան Զարյան

«Սպանիա»

Նաիրի 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]