Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երևան, իմ սերն» ու «Գյումրի, իմ սերը»՝ ապագա գործընկերներ. Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով Գյումրիում էր

«Երևան, իմ սերն» ու «Գյումրի, իմ սերը»՝ ապագա գործընկերներ. Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով Գյումրիում էր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի ժամանակ խոստացել էր հետևել երկրագիտական թանգարանի ապագային:«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը: Որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ թանգարանի նախագծման ողջ աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը: «Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»»,- ասել է նախագահը:

Երկրագիտական թանգարանի ծրագիրն Արմեն Սարգսյանի առաջին նախագիծը չէ Գյումրիում: Նախկինում նրա աջակցությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, որն էլ Հանրապետության նախագահի՝ Գյումրի այսօրվա այցի հաջորդ կանգառն էր: Նախագահին այստեղ ընդունել են հարազատի նման՝ գնահատելով նրա ներդրումը Գյումրու այցեքարտերից մեկը հանդիսացող այս մշակութային օջախի բնականոն գործունեության ապահովման մեջ: «Ինչ- որ իմաստով Ձիթողցոնց տունը իմ անկյունն է, որովհետև իմ մեծ հայրը մի կողմից ձիթողցի է, բուն Ձիթողից, Էրզրումից»,-լրագրողներին խոստովանել է նախագահը: Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում՝ դիտելով ներկայացված և գյումրեցու կենցաղը արտացոլող ցուցանմուշները:

Հանրապետության նախագահին ներկայացվել են թանգարանի ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք ևս լուծելու անհրաժեշտություն կա: Նախագահ Սարգսյանը խոստացել է ստեղծվելիք «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի միջոցով դրանք ևս լուծելու հնարավորություն գտնել:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով իրականացվող նախագծերին: Կենտրոնում տեղակայված՝ «Թումո Գյումրի» ստեղծարար կենտրոնում նախագահը զրուցել է սաների հետ՝ տեղեկանալով նրանց կողմից կատարվող աշխատանքներին և հետաքրքրություններին: Նախագահն ասել է, որ առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագրով ևս մեկ անգամ կայցելի տեխնոլոգիական կենտրոն:

Գյումրու «Արեգակ» սրճարանը, որտեղ այցելել է Հանրապետության նախագահը, յուրօրինակ է իր մթնոլոտով, ծրագրով ու առաքելությամբ: Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ: Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների:

Գյումրի այցի ավարտին նախագահ Սարգսյանը մոմ է վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, որտեղ այդ պահին պսակադրություն էր տեղի ունենում: Նախագահը շնորհավորել է նորապսակներին և երջանկություն մաղթել նրանց:
«Գյումրին պետք է վերականգնվի, Գյումրին պետք է վերակենդանանա և գյումրեցու կյանքով ապրի, որովհետև այն ժառանգությունը, որ ունենք, յուրահատուկ է, և չենք կարող այն կորցնել,- գյումրեցի լրագրողների հետ զրույցում նշել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով նաև Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելն ու զբոսաշրջիկների հոսքը մեծացնելը: -Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ շատ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ նախ և առաջ քաղաք է, որտեղ պահպանվել է հինը, որտեղ ժառանգություն է պահպանվել»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]