Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը չի ցանկանում համակարգը քայքայելու հաշվին նվազեցնել գազի սակագինը


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման կամ բարձրացման հարցին վերջնական պատասխան կտա միայն ռուսական կողմի հետ բանակցություններից հետո: Ընկերությունը չի ցանկանում նվազեցնել գազի գինը՝ համակարգը քայքայելու հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այս մասին նշեց ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Դեռ չեմ կարող ասել սակագինը կբարձրացվի, թե կիջեցվի, քանի դեռ քննարկումներ են ընթանում: Սակագինը կախված է ներկրման գնից և մարժայից: Այդ երկուսն էլ քննարկվում են»,-ասաց Թադևոսյանը

Ի պատասխան հարցի՝ ինքը սակագնի իջեցման հնարավորություն տեսնո՞ւմ է արդյոք, նա ընդգծեց . «Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայելու, որպեսզի իջեցնենք սակագինը, ապա այդ մոտեցումը պետք է  հասկանանք: Պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»:

Հարցին, թե գազի գնի նվազումը միայն քայքայման հետ է կապված, Թադևոսյանը պատասխանեց՝ եթե ֆինանսները չեն բավարարում, ուրիշ ինչի՞ հետ է կապված: Նա նշեց, որ 2017-ի հունվարին 13.4 մլրդ դրամ գումար վերցրել են իրենց վրա, իջեցրել են գազի սակագինը: «Մենք դեռ չենք լուծել այն խնդիրը, որը վերցրել էինք մեզ վրա, ինչպե՞ս նոր իջեցում անենք: Մենք դեռ քննարկումների մեջ ենք հետագա գնի համար, թե ինչպիսին է գազի գինը, ինչպիսի մարժա ենք ուզում և  ինչպիսի ծառայություն ենք ցանկանում ունենալ: Դրան համապատասխան էլ կունենանք գազի սակագին»,- նկատեց նա:

Ընկերության գլխավոր տնօրենը բացառեց ներքին ծախսերի չարաշահումները: Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի ձեռքբերման պայմանագրին՝ նա նշեց, որ դրա բոլոր  կետերն ի օգուտ Հայաստանի են: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ