Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Միքայել Մելքումյանն առաջարկում է Հայաստանում սահմանել գազի մի քանի սակագին


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն առաջարկում է Հայաստանում սահմանել գազի մի քանի սակագին՝ ըստ ամսական օգտագործման չափի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում:

«Ես համոզված եմ, որ մենք ունենք ռեզերվներ՝ սահմանելու գազի այնպիսի սակագին, որում ընդհանուր բալանսը չի խախտվի: Գազի վաճառքի միջին սակագինը 255 դոլարն է, երբ սահմանին ստանում ենք 150 դոլարով: Կան նաև խմբեր, որոնք 130 դրամի փոխարեն 80 և 100 դրամով են օգտվում գազից, ամսական 10 000 խմ-ից ավել օգտագործողները ևս այլ սակագին են վճարում: Նշանակում է, որ գազի սակագինը տարբեր խմբերի համար դիվերսիֆիկացված է: Այդ դեպքում ինչո՞ւ չքննարկել, որ ունենանք ոչ թե երկու սակագին՝ սահմանված մինչ 10 000 խմ օգտագործման և դրանից ավելի օգտագործման դեպքերի համար, այլ  տարբեր սակագներ՝ ամսական մինչ 1000 խմ օգտագործման, 1000-5000 խմ օգտագործման և այլ քանակների համար»,-ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, որ հնարավոր է՝ դրանով շոշափվեն «Գազպրոմ Արմենիա»-ի շահերը: Սակայն, Մելքումյանը նշեց նաև, որ պետք է գնալ փոխզիջումային տարբերակի, որ այդ ռիսկը չդրվի վերջնական սպառողի վրա, այլ որոշակի ռիսկ ունենա նաև «Գազպրոմ Արմենիա»-ն:

Մելքումյանի կարծիքով՝ ծառայություն մատուցողները՝ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, նաև արտադրող կայանները, պետք է իրենց շահերը պաշտպանեն, դա բնական երևույթ է: Սակայն, մյուս կողմից, օրենսդիրն ստեղծել է քննիչ հանձնաժողով, որպեսզի քննության առարկա դարձնեն սակագնի հարցը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ