Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Դասընթացներ, ցուցահանդես, ֆորում. Երևանում կանցկացվի «Թանգարանային շաբաթ» ծրագիրը


 ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15 և Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյա հոբելյանների կապակցությամբ նոյեմբերի 8-14-ը Երևանում կանցկացվի «Թանգարանային շաբաթ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի թանգարաններին, ընկերություններին հնարավորություն ընձեռել միմյանց հետ քննարկելու նոր համագործակցության և փոխինտեգրման հնարավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը կրում է «Թանգարանային շաբաթ. Վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը:

«Մենք ապրում ենք  շատ արագ փոփոխվող աշխարհում, և թանգարաններն ու այլ մշակութային հաստատությունները խնդիր ունեն այցելուի հետ խոսել  նրա լեզվով: Մեր ծրագիրը ներառում է տարաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են այդ հարցերին, թանգարանների  խնդիրները քննարկելուն և լուծման առաջարկներին»,- նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը:

«Թանգարանային շաբաթ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 12-14-ը ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կանցկացվի «MUSExpo» ցուցահանդեսը, որի նպատակն է ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման հարթակ, որոնք կքննարկեն թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու նոր հնարավորությունները:

Նոյեմբերի 12-14-ը կանցկացվի ֆորում, որի շրջանակում կգործի  վեց թեմատիկ կլոր սեղան: Միջազգային փորձագետների օգնությամբ կհամախմբվեն թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների համապատասխան մասնագետները: Կքննարկվեն և կառուցվածքային լուծումներ կառաջարկվեն ոլորտի  զարգացման,  առկա խոչընդոտները հաղթահարելու և հնարավոր մարտահրավերները կանխարգելելու խնդիրների վերաբերյալ:

Կիրականացվի ԻԿՕՄ-ի տարածաշրջանային դասընթաց «Թվային հաղորդակցությունը թանգարաններում և հանրության բարեկեցությունը» թեմայով: Այն կանցկացվի նոյեմբերի 8-10-ը  «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում: Դասընթացը Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի թանգարանային աշխատակիցների համար կվարեն փորձագետներ Նատալյա Տոլստայան և Էլեյն Էդդինգթոնը:

Կյանքի կկոչվի նաև «Բրենդինգը և նորարարությունը մշակութային կազմակերպությունների համար» եռօրյա ինտենսիվ սեմինարը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-11-ը ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում: Դասընթացը վարելու համար հրավիրվել է միջազգային փորձագետ Սեսիլիա Մարտինան:  Դասընթացը մշակույթի գործիչներին և ղեկավարներին հնարավորություն կտա զարգացնել հմտությունները բրենդինգի ոլորտում, օրինակների միջոցով ծանոթանալ ոլորտի նորարարություններին:

«Թանգարանային շաբաթ» ծրագրի ընթացքում Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի և Արցախի  Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև հուշագիր կկնքվի: Այն հնարավորություն կտա ԻԿՕՄ-ի հարթակը ծառայեցնել Արցախի թանգարանները միջազգային ասպարեզ դուրս բերելուն:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով` Հայաստանը բարձր մշակութային արժեքներ ունի: «Հուսով եմ, որ «Թանգարանային շաբաթ»-ը կնպաստի այդ արժեքներն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելուն և թանգարանային ոլորտի զարգացմանը»,- նշեց Գալստյանը` շնորհավորելով նախաձեռնողներին:

«Թանգարանային շաբաթ»-ը իրականացնում են ԻԿՕՄ-Հայաստանը, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան և ՀԲԸՄ-Հայաստանը` բազմաթիվ գործընկերների աջակցությամբ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ