Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Մերկելյան ժամանակաշրջանը» մոտենում է ավարտին

«Մերկելյան ժամանակաշրջանը» մոտենում է ավարտին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) հաջորդ համագումարում Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում: Ավելին, որպես կանցլեր` Մերկելի պաշտոնավարման չորրորդ ժամկետը, (ավարտվում է 2021թ.) կլինի վերջինը. նա այլևս դաշնային խորհրդարանի ընտրություններում հանդես չի գա որպես կանցլերի թեկնածու, և առհասարակ չի առաջադրի իր թեկնածությունը որևէ այլ քաղաքական պաշտոնի համար: Այս մասին հայտարարել է անձամբ Մերկելը` հոկտեմբերի վերջին Բեռլինում կայացած կուսակցության նախագահության նիստի ժամանակ:

Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնը՝ 2000թ.-ից:  Հետաքրքրական է, որ մինչ այս, Մերկելը պարբերաբար առաջ է քաշել այն պնդումը, որ ՔԴՄ ղեկավարի  և ԳԴՀ կանցլերի պաշտոնները պետք է կենտրոնացած լինեն միևնույն մարդու ձեռքում և, որ 2018թ. դեկտեմբերին կայանալիք կուսակցության համագումարում կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Սակայն վերջին ներքաղաքական զարգացումները հանգեցրին նոր իրողությունների, որոնք էլ հիմք հանդիսացան, որ այս հարցում Մերկելի փոխի իր դիրքորոշումը:

Չնայած Մերկելն իր որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ «ՔԴՄ-ն թարմ դեմքերի ու նոր մտքերի կարիք  ունի, որոնք կուսակցությանը նոր շունչ կհաղորդեն հաջորդ ընտրություների ժամանակ և կստանձնեն կառավարության ղեկավարի պատասխանատվությունը», այնուամենայնիվ, Մերկելի կողմից նման քայլի դրդապատճառ  դարձավ նրա նկատմամբ վստահության ճգնաժամը, որի պատճառով էլ աստիճանաբար անկում է ապրում նրա հեղինակությունը:  

Հանրության շրջանում Մերկելի նկատմամբ անվստահության աճն իր գործնական դրսևորումն է ստացել 2017թ. սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ նրա կուսակցությունը հաղթանակ տարավ, հավաքելով ընդհանուր ձայների ընդամենը 30%-ը, ինչը ՔԴՄ/ՔՍՄ երբևէ գրանցած ամենացածր ցուցանիշն էր: Ձախողումներ արձանագրվեցին նաև այս տարվա ընթացքում տեղի ունեցած դաշնային հողերի խորհրդարանական ընտրություններում. 2018թ. հոկտեմբերի 14-ին  Բավարիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՔԴՄ-ն կորցրել է բացարձակ մեծամասնությունը, հավաքելով 50%-ից էլ պակաս ձայն, որը 1950թ.-ից ի վեր գրանցած ամենացածր ցուցանիշն է: Որոշիչ դերակատարություն ունեցան նաև հոկտեմբերի 28-ին Հեսսենում կայացած վերջին ընտրությունները, որտեղ կուսակցությունը, չնայած առաջին տեղն էր զբաղեցրել՝ ստանալով ընտրողների ձայների 27%-ը, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ կորցրել էր իր աջակիցների 11.3%-ին: Իրադարձությունների հենց այսպիսի ընթացքով էլ պայմանավորված էր Մերկելի կողմից` չորրորդ պաշտոնավարումից հետո քաղաքականությունից դուրս գալու պատմական հայտարարությունը:

Ըստ էության, Մերկելի և նրա ղեկավարած ուժի վարկանիշի շարունակական անկումը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով: Դրանցից առաջինը, որն անհանգստություններ առաջացրեց հանրության շրջանում, միևնույն ժամանակ նաև պատճառ դարձավ իշխող կոալիցիայի ներսում տարաձայնությունների համար՝ Մերկելի կողմից աջակցությունն տրամադրումն էր տնտեսական լուրջ խնդիրների բախված մի շարք ԵՄ անդամների, այդ թվում՝ Հունաստանին ՝ եվրագոտին լքելուց նրանց հետ պահելու նպատակով: 2010թ.-ից ի վեր Գերմանիան մոտ 2,9 մլրդ եվրո է հատկացրել հունական պարտատոմսերի գնման համար:

Հաջորդ կարևոր գործոնը Մերկելի միգրացիոն քաղաքականությունն է: Ի տարբերություն ԵՄ մի շարք անդամների՝ Գերմանիան այն երկրներից էր, որը 2015թ. միգրանտների համար որդեգրեց «բաց դռների քաղաքականություն»՝ ապաստան տալով շուրջ 1մլն փախստականների Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից, ում աջակցելու համար ԳԴՀ բյուջեից միլիոններ են հատկացվել: Արդյունքում Գերմանիայում ավելացել է կազմակերպված հանցավորության դեպքերի, կողոպուտների թիվը, ինչը հանգեցրեց հանրային դժգոհության աճի: Սա, ըստ էության ամենաառանցքային գործոնն էր, որ բացասական անդրադարձավ Մերկելի հեղինակության վրա:

Այս տարվա սեպտեմբերին անցկացված հարցումների արդյունքում Անգելա Մերկելի վարկանիշը հասել է նրա պաշտոնավարման ընթացքում գրանցած նվազագույն ցուցանիշին՝ 29%, իսկ հոկտեմբերին նվազել է ևս 5%-ով՝ հասնելով 24%-ի:

Այսպիսով՝ անկախ Մերկելի 13 տարիների պաշտոնավարման ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումներից ու բացթողումներից, նրան հաջողվել է պատմության մեջ իր ուրույն տեղն ամրագրել և դասվել քաղաքական բարձր հեղինակություն ունեցող գործիչների շարքին: Այս մասին է վկայում 2015թ. ամերիկյան «TIME» հանդեսի կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «Տարվա մարդ» հռչակելու հանգամանքը, ով, ըստ պարբերականի, կարողացել է դիմակայել ամենալուրջ մարտահրավերներին, այդ թվում՝ Եվրոպայում առաջացած փախստականների ճգնաժամին, ամբողջ Եվրոպայի անվտանգությանը սպառնացող փարիզյան ահաբեկչություններին, հունական վարկային ճգնաժամին: Ավելին՝ նա տարիներ շարունակ գլխավորել է նաև «Forbes» ամսագրի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը՝ լինելով քաղաքականության և առաջնորդության ոլորտում օրինակելի կերպար հազարավոր կանանց համար:  

Անգելա Մերկելը եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերը, նախարարների կաբինետի առաջին կին ղեկավարը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից առաջին կին քաղաքական գործիչը, ում հաջողվել է նման բարձր պետական պաշտոն զբաղեցնել: Նա դե ֆակտո համարվում է նաև Եվրոպայի առաջնորդը և հիմնական «որոշողը» (“the decider”):

Ուշագրավ է «մեծ քաղաքականությանը» սպասվող հրաժեշտի մասին Մերկելի պատմական հայտարարությունը. «Ե´վ որպես կանցլեր, և´ որպես կուսակցության առաջնորդ ես պատասխանատվություն եմ կրում թե´ գրանցված հաջողությունների և թե´ պարտությունների համար... Ես կանցլեր չեմ ծնվել և երբեք չեմ մոռացել դրա մասին…»: Մերկելը դաշնային կանցլերի իր պարտականությունները կշարունակի կատարել մինչև 2021թ. Բունդեսթագի հաջորդ ընտրություններ, որով էլ կավարտվի «Մերկելյան ժամանակաշրջանը»:

Հովհաննիսյան Գոհար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]