Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Որն է հեղափոխության կարևոր նվաճումը ցայսօր

Որն է հեղափոխության կարևոր նվաճումը ցայսօր
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Թավշյա հեղափոխության թերևս ամենակարևոր ձեռքբերումն իշխանության՝ կրկին քաղաքական կերպարանք ստանալն է։ Տարիներ ի վեր Հայաստանի իշխանության բարձրագույն օղակները խուսափել են քաղաքական տեքստերով հանդես գալուց։ Այսօր քաղաքականությունը կրկին դարձել է իշխանության հրապարակային դեմքը, ինչը խոշոր ձեռքբերում կարելի է համարել։ Եվ եթե ներկայիս իշխանությունը կարողանա պահել այդ բարձր նշաձողն անխուսափելիորեն ցավոտ թվացող ռեֆորմների շրջանում և մասնավորապես՝ դրանից հետո, Հայաստանում թերևս էությամբ քաղաքական իշխանություն ունենալը անշրջելի կլինի։

Հայաստանում քաղաքական բանավեճի, որպես այդպիսին, թերևս վերջին օրինակը 1997թ. ԼՂ հակամարտության վերաբերյալ ընթացած քննարկումներն էին։ Թեպետ այնժամ իշխանությունը խոսում էր քաղաքական տեքստով, սակայն ընդդիմախոսությունը առավելապես կրում էր զգացական բնույթ։ Այդ պայմաններում իշխանությունն անկարող եղավ իր ընդդիմախոսներին բերել քաղաքական տրամաբանության դաշտ ոչ միայն վերջիններիս անհամաձայնության պատճառով, այլև պայմանավորված բանավեճի առարկայի առանձնահատկությամբ։ Արցախի հարցը, առավել ևս պատերազմից անմիջապես հետո, օրինաչափորեն չէր կարող ոչ հասարակության լայն շրջանակների, ոչ էլ քաղաքական միավորներ վաստակելու խնդիր ունեցող ընդդիմության համար լինել լուծման կարոտ սոսկ քաղաքական խնդիր։ Տրամադրությունների նույնօրինակ կրկնությունը դրսևորվեց նաև 2016թ. ապրիլյան քառօրյայից հետո, երբ բանավեճի արդյունքում ներհայաստանյան իրականությունում կրկին չստացվեց հակամարտության լուծման վերաբերյալ քաղաքական տարբերակներ ուրվագծել։ Այդ խնդիրը, իրավամբ, չափազանց բարդ է՝ հաշվի առնելով ինչպես դրա աշխարհաքաղաքական բնույթը, այնպես էլ համազգային ընկալումը։ Ուստի 1997-1998թթ. իշխանությունը մինչ այդպիսի ծանր թեմայով քաղաքական խորհրդակցություններ սկսելը, պետք է փորձեր քաղաքական համակարգի կայացմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Քանի որ, եթե չկա քաղաքական համակարգ, ապա քաղաքական տեսանկյունից որտե՞ղ պետք է քննարկվեր այդ հարցը, և ավելին՝ կոնկրետ ի՞նչ քաղաքական սուբյեկտ պիտի վերցներ իշխանության նետած ձեռնոցն ու կառուցեր քաղաքական դիսկուրսը՝ կրելով դրա պատասխանատվությունը։ Թեպետ 1990-ական թթ. սկզբում միջկուսակցական հարաբերությունները որակապես այլ մակարդակի վրա էին՝ հաշվի առնելով թե՛ կուսակցությունների նշանակությունը քաղաքական հարաբերությունների առարակյացաման գործում, թե՛ դրանց գաղափարաբանական յուրահատկությունը, դրանք դեռևս չէին հանգել ինստիտուցիոնալ բնույթի։ Ըստ հայտնի ասույթի՝ իրավիճակը նման էր սայլը ձիուց առաջ կապելու փորձին։ Ուստի, Արցախի հարցի կարգավորման քաղաքական մարտահրավերը, որ բերեց իշխանությունը 1997թ., պիտի չենթարկվեր քաղաքական առողջ բանավեճի կանոններին՝ հանգելով մենախոսության կամ ավելի սարսափելիորեն՝ բազմախոսության։ Անկախ նրանից, թե որքանով էր ընդունելի-անընդունելի իշխանության առաջարկած տարբերակը, փաստ է, որ բովանդակային քննարկում դրա շուրջ տեղի չունեցավ՝ արձանագրելով քաղաքական համակարգի առնվազն թերակատարությունը։

Այլ առիթի թողնելով վերջինի պատճառները՝ նշելի է, որ քաղաքական համակարգի դեգրադացիան խորացավ 2000-ական թթ., երբ իշխանությունն այլևս հրաժարվեց քաղաքական տեքստով հարաբերվելուց։ Ժամանակի հասարակական-քաղաքական քննարկումներում տիրակայող էին դառնում ոչ թե իշխանության բարձրագույն ներկայացուցիչների քաղաքական մտքերը, այլ սխալ արտասանված խոսքերը, բարբառային ձևակերպումները, գռեհկաբանությունները։ Այսժամ իշխանության խնդիրը քաղաքական հարաբերությունները ապաքաղաքական դաշտ տեղափոխելու միջոցով իշխանավարության ապահովումն էր, որն իր հետ բերում էր անձնական անվտանգություն, աստիճանաբար ընդլայնվող ունեցվածքի անձեռնմխելիություն և այլն։ Դրա համար, բնական է, կիրառվում էր պայմանավորվածությունների մեթոդը՝ կանխատեսելի իրավիճակ ունենալու համար։ Իհարկե, ֆորս-մաժորներ պատահում էին, որոնք հնարավոր էր լինում զսպել ու լուծել կա՛մ մաֆիային, կա՛մ ավտորիտարիզմին բնորոշ գործիքներով։ Այսպիսով, նախորդ մոտ 20 տարիներին իշխանությունն իր առաջ խնդիր չէր դրել կայացնելու քաղաքական համակարգը, հետևաբար չէր փորձում խոսել քաղաքական տեքստով՝ պետական իշխանության համապարփակ լծակները ծառայեցնելով ընտրական գործընթացի էությունը խեղելու, «կուսակցություն» երևույթն արժեզրկելու և վերջապես քաղաքականությունը ապաքաղաքականացնելու գործին։

2018թ. մայիսը հանգեցրեց իշխանության քաղաքականացմանը։ Դա դրսևորվեց դեռ մայիսի 1-ին վարչապետի ընտրության օրը, երբ թե՛ իր հիմնական ելույթում, թե՛ եզրափակիչ խոսքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ քաղաքական ձևակերպումներով։ Տարիներով խորհրդարանի ամբիոնը իշխանության առաջին դեմքից քաղաքական ուղերձներ չէր լսել, և այս փաստն ինքնին պատմական նշանակություն է ստանում։ Փաշինյանը քաղաքական տեքստը պահեց նաև նախորդ ամիսներին՝ հանրահավաքների, հարցազրույցների, ուղերձների, կառավարության ու խորհրդարանական նիստերի ժամանակ։ Դրա վերջին դրսևորումը դարձավ հոկտեմբերի 24-ին վարչապետի (չ)ընտրության ժամանակ Ն. Փաշինյանի ելույթը, որն աչքի ընկավ քաղաքական բնույթի ուղերձներով թե՛ մրցակիցներին, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայ հասարակությանը։ Կրկին արձանագրենք՝ խնդրո առարկան ոչ թե ուղերձների ընդունելիությունն է, այլ դրանց առկայությունը, հրապարակային հնչեցումն ու խորհրդարանի ամբիոնից դրանց մատուցումը։

Քաղաքական համակարգի ձևակերպումն ու զարգացումը այսօր ողջ հասարակության խնդիրն է՝ ընդդիմության ու իշխանության գործնական ներգրավվածությամբ։ Սակայն դրա պատասխանատվությունն առաջին հերթին ծանրանում է իշխանության ուսերին, որը ոչ միայն պետք է իրացնի կառավարման իր պարտականությունը, այլև սահմանի քաղաքական ու պետակառավարման կյանքի կազմակերպման ավանդույթներ, որոնք էլ պիտի ցեմենտեն գործող ինստիտուտները։ Այդ պատասխանատվության իրացումը սկսվում է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով՝ հիմք դնելով քաղաքական համակարգի ձևակերպմանը։ Վերջինիս սնուցողը իշխանության քաղաքական կերպն է, որը դրսևորվում է իշխանության բարձրագույն օղակների մատուցած տեքստի և ընկալումների քաղաքական բնույթով ու բովանդակությամբ։ Արձանագրելով նշյալ երկու պայմանների առկայությունը՝ հարկ է փաստել Հայաստանում քաղաքական առողջ համակարգի ձևավորման պատմական պատեհությունը, որից չօգտվելու շքեղություն իրենց թույլ չպետք է տան քաղաքական իշխանությունն ու ընդդիմության պատվանդանին հավակնողները։ Ֆունկցիոնալ քաղաքական համակարգը իմպերատիվ նշանակություն ունի կենսունակ պետության համար, և առկա ներուժը պիտի նպատակաուղղվի նաև այդ խնդրի լուծմանը։ 

Նժդեհ Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]