Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ի՞նչ ակնկալել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից

Ի՞նչ ակնկալել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՍՄՆ-ում մեկնարկել են Կոնգրեսի հերթական միջանկյալ ընտրությունները։ Այս ընտրություններն ամերիկյան ընտրական համակարգի կարևոր մաս են կազմում և անց են կացվում ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման 2-րդ տարվա ընթացքում։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Ներկայացուցիչների պալատից ընտրվելու են 435 կոնգրեսականներ, իսկ Սենատից՝ 35 սենատորներ (ընդհանուր  թվի (100) 1/3-ը)։ Ընդգծենք նաև, որ նշված օրն ԱՄՆ-ի 36 նահանգներում (նահանգապետերի) և 206 քաղաքներում (քաղաքապետերի)  անց են կացվելու տեղական ընտրություններ։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հանրապետականների համար կարևորվում են առնվազն մի քանի պատճառով. առաջին, Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ ԱՄՆ քաղաքացիներն արտահայտում են իրենց դիրքորոշումը գործող նախագահի վարած քաղաքականության նկատմամբ՝ կողմ կամ դեմ քվեարկելով պաշտոնավարող նախագահի կուսակցությանը։ Առհասարակ, ընդունված է ասել, որ միջանկյալ ընտրությունները ցուցիչ են, թե ժողովուրդը որքանով է վստահում ԱՄՆ գործող նախագահին։

Երկրոդ, միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են որոշակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում հետագա քաղաքական զարգացումների վրա, քանի որ հանրապետականների կողմից Կոնգրեսը «կորցնելու» պարագայում նախագահ Թրամփը կարող է  կանգնել իմփիչմենթի վտանգի առաջ։

Երրորդ, ԱՄՆ կոնգրեսում ուժերի վերադասավորման, օրինակ՝ պալատներից մեկում՝ Սենատում, հանրապետականների՝ մեծամասնությունը կորցնելու պարագայում, դեմոկրատներին ավելի հեշտ կլինի հակազդել Թրամփի վարչակազմի կամ հանրապետականների հեղինակած օրինագծերին և նախաձեռնություններին (օրինակ՝ դատավորների կամ նախարարների նշանակում)։

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի ստորին և վերին պալատներում քաղաքական ուժերի դասավորվածությունն ունի հետևյալ պատկերը. ստորին՝ ներկայացուցիչների պալատում, ընհանուր 435 տեղից 235-ը հանրապետականներինն է, իսկ դեմոկրատներինը՝ 200-ը։ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, հանրապետակններն ունեն ընդհանուր 100 տեղից 51-ը, իսկ դեմոկրատները՝ 49։ Ըստ էության, երկու պալատներում ունենալով ձայների մեծամասնություն, հանրապետականները վերահսկում են Կոնգրեսը՝ օրինագծերի ընդունման գործում չհանդիպելով բարդությունների (եթե չհաշվենք հանրապետակնների միջև գոյություն ունեցող ներքին տարաձայնությունները)։ Քաղաքական ուժերի այսպիսի համամասնություն, երբ մի կուսակցությունը Կոնգրեսի 2 պալատներում ունի 50%-ից ավել ներկայացվածություն, վերջին անգամ եղել է հանրապետականների դեպքում՝ 2003-2007թթ. Ջ. Բուշ կրտսերի պաշտոնավարման տարիներին, իսկ դեմոկրատների պարագայում՝ 2009-2011թթ. Օբամայի վարչակազմի առաջին 2 տարիներին։

Հատկանշական է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մասնակցում են նաև 4 ամերիկահայեր։ Ներկայացուցիչների պալատում առաջադրված ամերիկահայերից 3-ը դեմոկրատ են՝ Աննա Էշու, Ջեքի Սփիր-Կանչելյան, Էնթոնի Բրինդիսի, իսկ մեկը՝ հանրապետական՝ Դեննի Թարխանյան։ Պետք է նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և համագործակցության ոլորտների ընդլայնման գործում բոլոր 4 թեկնածուներն էլ բավական մեծ դերակատարում ունեն և բազմիցս բարձրաձայնել են հայկական շահերից բխող տարբեր հարցեր։ Օրինակ՝ 2017թ.-ից Ջեքի Սփիր-Կանչելյանը հանդիսանում է նաև ԱՄՆ Կոնգրեսում հայ-ամերիկյան բերեկամության խմբի համանախագահ։ Նրա նախաձեռնությամբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը, որի կազմում էր նաև Աննա Էշուն։ Քննարկվել են բազմաբնույթ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև համագործակցությունը նոր՝ ավելի բարձր մակարդակ տեղափոխելու և տնտեսական կապերը զարգացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդիրներին։ Թեկնածուներից Էնթոնի Բրինդիսին հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի պարագայում պատրաստվում է սերտ համագործակցել ԱՄՆ հայկական համայնքի հետ՝ հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով։ Ավելին, նա նշել է, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի։ Ինչ վերաբերում է հանրապետական Դենի Թարխանյանին, ապա նա վայելում է ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլ նաև Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Նա նույնպես բազմիցս հանդես է եկել հայերի շահերի պաշտպանությանն ուղղված հայտարարություններով։

Այս համատեքստում կարևոր է նաև այն, որ ընտրությունների արդյունքում որոշակի փոփոխություններ են սպասվում նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կազմում: Հանձնախմբի մի շարք ակտիվ անդամներ, ինչպես օրինակ՝ Էդվարդ Ռոյսի, Դեյվիդ Թրոթի, Փոլ Ռայանի՝ չեն մասնակցում ընտրություններին։ Նրանց բացակայությունը Կոնգրեսում որոշակիորեն կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում  հայկական համայնքի լոբբիստական հնարավորությունների վրա, ուստի այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ է առավել հետևողական և նախաձեռնողական աշխատանք ծավալել նորընտիր կոնգրեսականների հետ:

Թեև միանշանակ դժվար է կանխատեսել, թե որ քաղաքական ուժը մեծամասնություն կկազմի ԱՄՆ Կոնգրեսի պալատներինց յուրաքանչյուրում, սակայն, իրականացված սոցհարցումների և մասնագիտական գնահատականների համաձայն՝ ԱՄՆ նոյեմբերի 6-ի ընտրությունների արդյունքում հանրապետականներն առավելություն կունենան Սենատում, մինչդեռ Ներկայացուցիչների պալատը կվերահսկեն դեմոկրատները։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ միջանկյալ ընտրությունները կարևորվում են  Կոնգրեսում քաղաքական ուժերի հնարավոր նոր համամասնության տեսանկյունից, քանի որ ԱՄՆ հետագա քաղաքական գործընթացների զարգացումները պայմանավորվելու է հենց այդ   վերադասավորումներով։ Այս ամենի հետ մեկտեղ,  մեզ համար առանձնակի կարևորություն է ներկայացնում  հայանպաստ խնդիրներ բարձրաձայնող գործիչների ներկայացվածությունն ԱՄՆ օրենսդիր մարմնում, ինչը կբխի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ հայկական համայնքի շահերից։

Վահագն Չիֆլիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]