Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպաններին

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի 
դեսպաններին
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) և Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հետ համագործակցության առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորությունների շրջանակներում:

Որպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության օրակարգի առաջնային ուղղություններ կողմերն առանձնացրեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության երաշխավորմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ այս գործընթացում կարևորելով գործընկեր երկրների աջակցությունը և համագործակցությունը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը և դեսպանները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]