Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հայաստանի մարմնամարզության հավաքականը հաջորդ տարվա աշխարհի առաջնությանն առավել հաջող հանդես կգա. գլխավոր մարզիչ


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը վստահ է` իր սաները հաջորդ տարվա աշխարհի առաջնությանն առավել հաջող հանդես կգան, քան այս տարի էր:

«Աշխարհի առաջնության էինք մեկնում գոնե մինչև 8-րդ հորիզոնականը գրավելու նպատակով: Գոհացուցիչ կլիներ այն, որ մտնեինք եզրափակիչ: Որպես թիմ առաջին ագամ էինք հանդես գալիս և փորձեցինք մեր ուժերով, ի տարբերություն, մյուս հավաքականների: Մեր հավաքականի տղաները կարող են պայքարել մեդալների համար: Պատմության մեջ առաջին անգամ մեր երեք մասնակիցները դուրս էին եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Անակնկալ հաջող ելույթ ունեցավ նաև Արթուր Դավթյանը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր մարզիչը:

Սերոբյանի խոսքով` յուրաքանչյուր մրցաշարի ժամանակ մարմնամարզական գործիքները թարմացվում են, իսկ մեզ մոտ առկա են միայն հները: Մասնագետը վստահեցրեց, որ մարմնամարզիկները առավել հաջող հանդես կգան հաջորդ տարվա աշխարհի առաջնությունում:

Գլխավոր մարզիչը բարձրաձայնեց նաև մարմնամարզիկների համար ևս մեկ կարևոր՝ բանակից ազատվելու հարցը. «Ըստ կանոնադրության, բանակից ազատվում են այն մարզիկները, ովքեր մրցաշարերում 5-րդ հորիզոնականը կզբաղեցնեն, սակայն դա մարմնամարզիկների համար շատ դժվար է: Ուզում ենք խնդրել, որ ղեկավարությունն այս հարցին լուծում տալու համար խորհրդակցի մարզաձևերի ներկայացուցիչների հետ: Քանի որ ամեն մարզաձև իր յուրահատկություններն ունի: Մեզ մոտ, օրինակ, եզրափակիչի 8 մասնակիցները շատ ուժեղ են: Եթե մարմնամարզիկը գնա բանակ, այլևս չի կարողանա մարզվել»,-ասաց նա:

Սերոբյանն օրինակ բերեց ներկայիս մարմնամարզիկներից Ժորա Սմբատյանին, ով հեռանկարային մարզիկ է, սակայն հաջորդ տարի լրանում է նրա 18-ամյակը: «Եթե այսպես շարունակվի, մարմնամարզությունը կմահանա մեր երկրում, քանի որ աճող սերունդը կկորչի»,-շեշտեց ավագ մասնագետը:

Մոտ երեք տարի առաջ Սերոբյանին է դիմել օրեր առաջ աշխարհի չեմպիոն դարձած Արթուր Դալալոյանի մարզիչը, որ վերջինս կարող է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո, սակայն բանակի հետ կապված խնդիրների պատճառով մարզիկը չի միացել Հայաստանի թիմին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ