1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթուրո Սանդովալի ելույթով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ 2018-ը»

Արթուրո Սանդովալի ելույթով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ 2018-ը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակութային կյանքի անբաժան մասը դարձած «Երևան ջազ ֆեստ»-ը այս տարի կմեկնարկի տասը «Գրեմմիի» արժանացած լեգենդար ջազմեն Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգով: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նվագախմբի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ այս տարի փառատոնը նվիրված է նվագախմբի հիմնադիր նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը:

Մամուլի ասուլիսին ներկա երաժիշտ Արթուրո Սանդովալը նշեց, որ ուրախ է այստեղ գտնվելու համար: «Գեղեցիկ քաղաք է Երևանը: Ես չգիտեմ, թե ինչու այդքան երկար տևեց ինձ Հայաստան հրավիրելը. ես վաղուց էի ուզում գալ: Հայաստանը փոքր երկիր է, բայց մարդիկ այստեղ մեծ սիրտ ունեն»,-ասաց Արթուրո Սանդովալը և պատմեց, որ իր շեփորի համար գրված ամենասիրելի ստեղծագործության հեղինակը Ալեքսանդր Հարությունյանն է:

«Շատ տարիներ առաջ Լոս Անջելեսի հայ համայնքն ինձ հրավիրեց իրենց մոտ, որպեսզի այդ ստեղծագործությունը նվագեմ հենց Հարությունյանի համար: Դա իսկական մարտահրավեր էր ինձ համար: Կարծում եմ` հաջողակ եմ, քանի որ իմ կատարումը նրան դուր եկավ: Ոչ միշտ ենք հնարավորություն ունենում հենց կոմպոզիտորի ներկայությամբ կատարել նրա գործը»,-նշեց Սանդովալը:

Անդրադառնալով վաղը կայանալիք համերգին` երաժիշտն ասաց, որ ամեն բան հանդիսատեսի ձեռքում է: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես երաժշտասերները կարձագանքեն իմ կատարումներին: Եթե նրանք հավանեն իմ երաժշտությունը, մենք հրաշալի ժամանակ կանցկացնենք»,- ընդգծեց Սանդովալը:

Փառատոնի շրջանակում նա կհանդիպի երիտասարդ ջազմեններին ու վարպետության դաս կանցկացնի նրանց հետ: «Ես միշտ վարպետության դասեր եմ անցկացնում և պատրաստ եմ դա անել նաև Հայաստանում: Երաժշտությունը բոլոր մարդկանց համար է, այն օդում է, պարզապես պետք է զգալ այն»,-եզրափակեց երաժիշտը:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի խոսքով` իրականություն է դառնում տարիների երազանքը` ելույթ ունենալ լեգենդար երաժիշտ Արթուրո Սանդովալի հետ, ով լուրջ ներդրում ունի ջազի համաշխարհային ժառանգության մեջ:

Անդրադառնալով նվագախմբի հոբելյանին` նա ասաց, որ այն ունի փառահեղ անցյալ, և իրենք փորձում են պահպանել բարի ավանդույթներն ու առաջ ընթանալ:

Այս տարի «Երևան ջազ ֆեստը» ընդլայնել է աշխարհագրությունը՝ համերգներ ծրագրելով նաև Շուշիում ու Գյումրիում: Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Շուշիում կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում: Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում հանրահայտ Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ համերգային ծրագիր կանցկացվի:

Փառատոնի շրջանակում մեծ և հաճելի անակնկալ է սպասվում Հայաստանի պետական ջազ նվագախմբին ու բոլոր երաժշտասերներին: Նոյեմբերի 20-ին փառատոնի փակման գալա-համերգին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ ելույթով հանդես կգան Հայաստանի պետական ջազ-նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ-նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

«Երևան ջազ ֆեստ»-ն անցկացվում է նոյեմբերի 7-20-ը  Ջազի հայկական ասոցիացիայի, «Մեցցո պրոդաքշն»-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]