Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Արցախում նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ / ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանական նախորդ երկու ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդը մեծ վստահություն ունի կուսակցության նկատմամբ, իսկ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում «Ազատ հայրենիք»-ը բավարար քաղաքական կապիտալ է կուտակել երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

«Թե ով կլինի այդ թեկնածուն, կորոշվի 2019թ.-ին կայանալիք կուսակցության համագումարում: Եվ հույս ունենք, որ մեր առաջադրած թեկնածուն կարժանանա ժողովրդի վստահության քվեին: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մեզ համար շատ կարևոր է նաև, որ թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ԱՀ Ընտրական օրենսգրքի և ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական արժեքների ամրապնդումն Արցախի Հանրապետությունում այլընտրանք չունի:

Այն հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում երկրի կառավարման գործում ինչպիսի ձևաչափ են պատկերացնում, Արթուր Թովմասյանը նշեց, որ դեմ են միատարրությանը, և արդյունավետ աշխատանքի համար պետք է օգտագործվի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներուժը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ