Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններ անելու ծրագիր. Երևանում մեկնարկել են «Էրազմուս+» տեղեկատվական օրերը

Բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններ անելու ծրագիր. Երևանում 
մեկնարկել են «Էրազմուս+» տեղեկատվական օրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրազմուս+» ծրագիրը հնարավորություն է տալիս փոփոխություններ անել բարձրագույն կրթության ոլորտում:

Երևանում մեկնարկած «Էրազմուս+» տեղեկատվական օրերի ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և հավելեց, որ «Էրազմուս+» ծրագիրը շատ բազմաշերտ և լայնածավալ է, որն ունի համագործակցության տարբեր ուղղություններ: Միջոցառումն անցկացվելու է նաև նոյեմբերի 7-ին:

«Եվրոպական հանձնաժողովը ամեն տարի աշնանը՝ հոկտեմբերին հայտարարում է մրցույթ, որին մասնակցում է մոտ 180 երկիր: 33-ը ծրագրային երկրներն են՝ Եվրոպական միության անդամ երկրներ և մի շարք այլ երկրներ՝ Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Մակեդոնիան, Թուրքիան, շուտով նաև Սերբիան կլինի: Երկրորդ տարածաշրջանը՝ Արևելյան հարևանության երկրները, ներկայացնում են Հայաստանը, Վրաստանն, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան»,- ասաց Կառլովան:

Նրա խոսքով՝ այն բոլոր համալսարանները, որոնք պատրաստվում են փոփոխել իրենց ակադեմիական, կառավարման, միջազգայնացման հետ կապված ծրագրերը (և ոչ միայն), կարող են ներկայացնել մրցույթի շրջանակում:

«Հայաստանն ունի 21 ընթացիկ ծրագիր, որոնք կազմվել են տարբեր ոլորտների համար՝ ուսումնական ծրագրերի վերանայում, նոր մագիստրատուրաների ստեղծում, համալսարանների կառավարում և այլն: Մեր համալսարաններն «Էրազմուս+» տեղեկատվական օրերի շրջանակում հնարավորություն են ստանում զարգացնել արտերկրում ունեցած կապերը կամ ստեղծել նորերը, որպեսզի համագործակության միջոցով ծրագրեր գրեն ու մասնակցեն մրցույթի»,- ընդգծեց Լանա Կառլովան:

 «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգողն ասաց, որ փետրվարը հայտեր ներկայացնելու վերջին ամիսն է: Մրցույթի ամփոփումը բավականին երկար է տևում՝ հաղթողները պարզ են դառնում հուլիս-օգոստոս ամիսներին:

Մրցույթի ծրագրերը գրվում են տարբեր ոլորտների շուրջ՝ մանկավարժության, կրթության, արվեստի, ձկնաբուծության, իրավագիտության, լրագրության, ճարտարապետության, ագրարային և այլն:

«Մեր համալսարաններում գործող բոլոր մասնագիտություններով ֆակուլտետները կարող են գրել ծրագրեր եվրոպական իրենց գործընկերների հետ և մասնակցել մրցույթին»,- շեշտեց Լանա Կառլովան:

 ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ով նաև «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի համակարգողն է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրն անհրաժեշտ է ուսանողներին և դասախոսներին այնպես, ինչպես առհասարակ մարդուն անհրաժեշտ է շնչել, ուտել՝ ապրելու համար:

«Մեր բարձրագույն կրթության համակարգը տարիներ շարունակ վերակառուցումների և բարեփոխումների մեջ է եղել: Դրանք հիմնականում կառուցվածքային բնույթ են կրել, սակայն պետք է արդեն անցնել բովանդակային մակարդակի: Բուհերում պետք է ձևավորել համապատասխան միջավայր՝ ակադեմիական, որը կկարողանա խթանել այդ բարեփոխումները»,- ընդգծեց Կարաբեկյանը:

Ամենամյա տեղեկատվական օրերը «Էրազմուս+» ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են, որոնք տրամադրում են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունները:

«Էրազմուս+»-ի մեկնարկից ի վեր առաջին անգամ Երևանում ներկայացվեցին ծրագրի համապարփակ հնարավորությունները երկու պաշտոնական ներկայացուցիչների կողմից՝ «Էրազմուս+» ազգային գրասենյակի և «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոն»-ի:

«Էրազմուս+» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14.774 մլրդ եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]