Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հերոսները չեն մեռնում, նրանք հավերժանում են մեր սրտերում. հայկական սպորտի ներկայացուցիչները ցավակցական խոսքերը Յուրի Վարդանյանի մահված կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սպորտի ներկայացուցիչները իրենց ցավակցությունն են հայտնում լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Ավա՜ղ, երբ դու հեռացար, շուրջս մի տեսակ դատարկություն եմ զգում, անասելի սառնություն, թանկ ու հարազատ ընկերոջ անդառնալի բացակայություն…բայց քո հետ կապված լավագույն հիշողություններս ինձ ուժ են տալիս: Լույսերի մեջ մնաս, իմ հոգատար ու սրտացավ ընկե՛ր, փառապանծ ու լեգենդար ծանրորդ: Հերոսները չեն մեռնում, նրանք հավերժանում են մեր սրտերում… անմահ ես և դու, Յուրիկ ջան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ցավակցանքի խոսքում ասել է լեգենդար հեռացակորդ Ռոբերտ Էմմիյանը:

Ցավակցանքի իր խոսքն էասել նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը. «Ցավոք մեզանից հեռացավ հայկական սպորտի ամենավառ մեծություններից մեկը։ Մարդ, ով մի քանի տասնամյակ շարունակում էր կուռք մնալ ամենատարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Տասնյակ հազարավոր երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել սպորտով՝ցանկանալով նմանվել Յուրի Վարդանյանին։ 
20-րդ դարի լավագույն ծանրորդներից մեկը,բազմաթիվ համաշխարհային ռեկորդների հեղինակ,Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Մարդ, ով ազատ մուտք ուներ ԽՍՀՄ քաղաքական ղեկավարների մոտ, ընդունված և սպասված էր ամենատարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչների կողմից, ճանաչված էր ամբողջ աշխարհում։ Մարդ,ում մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել... 
Անչափ շատ կարելի է խոսել Յուրի Վարդանյան մարզիկի մասին։ Եվ դեռ շատ է խոսվելու!
Հանգչիր խաղաղությամբ ԼԵԳԵՆԴ»:

Նոյեմբերի 2-ին 62 տարեկան հասակնում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։

 

               




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ