Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փախստականների «քարավան». դեմ թե՞ կողմ Թրամփին

Փախստականների «քարավան». դեմ թե՞ կողմ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերթական փախստականների քարավանն է պատրաստվում ներխուժել ԱՄՆ»: Այսպես մեկնաբանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ամերիկյան երազանքի» հետևից ուղևորվող փախստականների քարավանը:

Նշենք, որ «քարավանը« սկսել է շարժվել Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից հոկտեմբերի 12-ին: Իրականում նախաձեռնությունը մեկնարկել էր դեռևս հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցերում: Արդեն հոկտեմբերի 12-ին նախաձեռնությանը միացել էր 160 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով ներկայումս «քարավանի» մասնակիցների թիվը հասնում է 7000-ի, որոնցից 2300-ը երեխաներ են: Սկսելով Հոնդուրասից՝ մարդկանց «քարավանն» անցել է Գվատեմալայով, Սալվադորով ՝ ուղևորվելով դեպի Մեքսիկա-ԱՄՆ սահման: Համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալների՝ մոտ 1500 մարդ արդեն իսկ ապաստան է հայցել Մեքսիկայում: Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ նրանց տրամադրելու է ժամանակավոր բնակության և աշխատանքի իրավունք, բժշկական օգնություն, փախստական երեխաներին հնարավորություն է տալու ուսանել դպրոցներում, ինչպես նաև բոլոր փախստականների համար ապահովելու է կացարան տեղի հյուրատներում:  Ներկայումս քարավանը գտնվում է Մեքսիկայի Խուչիտան դե Զարագոսա քաղաքի մոտակայքում, և մոտ 2 շաբաթից այն կհասնի ԱՄՆ սահմանին:

Հոնդուրասում  բնակչության բողոքները հատկապես սրվեցին, երբ՝ 2017թ. նոյեմբերին 26-ին կայացած ընտրությունների արդյունքում, Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդոն վերընտրվեց: Ընտրություններին հաջորդեցին ցույցեր, որի ընթացքում եղան բախումներ և սպանվեց ավելի քան 30 մարդ: Հետաքրքրական է, որ պահպանողական հայացքների տեր Խուան Օրլանդոն  վայելում է ԱՄՆ աջակցությունը և իր առաջին պաշտոնավարման ժամկետում ակտիվ համագործակցել է ԱՄՆ-ի հետ տարբեր հարցերում, որոնց շարքում էր, օրինակ, ԱՄՆ փախստականների հոսքի կանխումը:

«Քարավանի» պարագայում էլ Թրամփը պահանջել էր Հոնդուրասի նախագահից կանգնեցնել այն, սակայն  միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն հասել էին Գվատեմալա, և պարզ չէր, թե Հոնդուրասի նախագահն ինչպես էր դա անելու: Իր թվիթերյան գրառումներից մեկում ԱՄՆ նախագահը  հայտարարել էր, որ պատրաստվում է կրճատել Հոնդուրասին, Գվատեմալային և Սալվադորին տրվող ֆինանսական օգնությունը, քանի որ նրանց չհաջողվեց կանգնեցնել «քարավանը»:

Անդրադառնալով «քարավանի» դեմ ԱՄՆ հնարավոր քայլերին՝  ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը 5,200 հոգանոց զորք կուղարկի Մեքսիկայի հետ սահման՝ կանխելու փախստականների մուտքն ԱՄՆ: Երկու օր հետո ԱՄՆ նախագահը հանդես եկավ զորքերի քանակի վերաբերյալ մեկ այլ հայտարարությամբ՝ նշելով, որ այն  կհասնի 15000-ի: Ի հավելումն,  ԱՄՆ նախագահը խոստացավ սահմանին կառուցել «վրանների քաղաք», ինչպես ինքն անվանեց «շատ գեղեցիկ վրաններ», որտեղ փախստականները կբնակվեն, մինչ նրանց ապաստան ստանալու հայտերը կուսումնասիրվեն ամերիկյան դատարանի կողմից՝ գործընթաց, որ կարող է տևել տարիներ:

ԱՄՆ ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դեմոկրատները «լռում են» այն մասին, թե ԱՄՆ-ն ինչպես պետք է արձագանքի փախստականների «քարավանին»՝ փոխարենը մեղադրելով Դոնալդ Թրամփին ընտրությունների նախաշեմին այս խնդրից քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Վերջերս, օրինակ, նման հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ փախստականների «քարավանը» շարժվում է դեպի Մեքսիկա-ԱՄՆ սահման: 2018 թվականի մարտի 25-ին 700 հոգանոց փախստականների մեկ այլ հոսք (մարդկանց 70 տոկոսը՝ կրկին Հոնդուրասից) Մեքսիկայի Տապաչուլա քաղաքից շարժվել էր դեպի ԱՄՆ սահման: Փախստականների թիվը հասել էր մոտ 1200, երբ նրանք մոտեցել էին ԱՄՆ սահմանին:  Նույն թվականի ապրիլին ԱՄՆ-ը քրեական գործ հարուցեց այդ խմբից 11 փախստականների նկատմամբ, ովքեր ապօրինի հատել էին ԱՄՆ սահմանը: Փախստականների մեծ մասն ապաստան ստացավ ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայի Տիխուանա քաղաքի փախստականների ճամբարում: 2017-2018թթ. ընթացում այնտեղ գտնվող  փախստականների թիվը 5167-ից հասել է 12340-ի:

Դժվար է ասել, թե փախստականների հերթական այս հոսքը որքան նոր խնդիրներ կստեղծի Թրամփի վարչակազմի համար, սակայն միանշանակ է այն, որ առ այսօր Թրամփի թիմին հաջողվել է դրանից քաղել առավելագույն դիվիդենտներ: Հիմք ընդունելով Հոնդուրասի, Գվատեմալայի և Սալվադորի իշխանությունների անկարողությունը կանգնեցնել փախստականների հոսքը՝ Թրամփը հայտարարեց նրանց տրվող ֆինանսական աջակցությունը կրճատելու մասին: Նման քայլը համապատասխանում է Թրամփի արտաքին քաղաքական նոր ռազմավարությանը՝ այն է հնարավորինս կրճատել արտաքին աջակցության չափերը:

Բացի այդ, Թրամփն առ այսօր կարողացել է հաջողությամբ օգտագործել ԱՄՆ-ն ապօրինի միգրանտներից պաշտպանելու թեզը (իր աջակիցներին համախմբելով արտաքին սպառնալիքին դիմագրավելու հարցում) նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում: Ընտրություններում ԱՄՆ նախագահը նպատակ է հետապնդում համալրել Կոնգրեսի հանրապետականների շարքում իր աջակիցների թիվը, ինչպես նաև պահպանել հանրապետականների մեծամասնությունն ԱՄՆ օրենսդիր մարմնում: 

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]