Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հոբելյանը տոնեց համերգային ծրագրով

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հոբելյանը տոնեց համերգային 
ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամն իր տասնամյա հոբելյանը նշեց համերգային ծրագրով, որում ելույթներ ունեցան ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Արմավիրի, Շիրակի մարզերի երաժշտական դպրոցներում սովորող պատանի երաժիշտ-կատարողներ: Հոբելյանը նշանավորվեց նաև ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին ՀՀ բոլոր մարզերի մանկական գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքները:

Միջոցառումն անցկացվեց նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Չեմ կարող ասել, որ այս տարիների ընթացքում լիարժեք լուծել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Մեր հիմնադրամի գործունեությամբ ցանկանում ենք միասնական դաշտ ստեղծել մշակութային կրթություն իրականացող բոլոր հիմնարկների համար, ինձ թվում է, որ այդ դաշտը ստեղծվել է և հասարակության ակտիվությունն ակնհայտ է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյան-Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ բազմաթիվ ծրագրերը՝ փառատոներ, մրցույթներ, համերգներ, վերապատրաստման և վարպետության դասընթացներ, որոնք իրականացնում են, արդեն իսկ խոսում են այն մասին, որ իրենք առաջընթաց ունեն և դաշտը չի լճանում:

«Մենք աշխատում ենք մարզերի մշակութային կրթություն իրականացնող հիմնարկների հետ: Մարզերում շնորհալի երեխաների քանակն անսպառ է»,- ընդգծեց տնօրենը:

Հիմնադրամի փողային գործիքների մեթոդիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  դոցենտ Ջոն Կիրակոսյանի խոսքով՝ հայ երեխաները տաղանդավոր են, պարզապես անհրաժեշտ է զարգացնել նրանց ունակությունները: «Այդ հարցում մեծ է ուսուցչի դերը: Մեր նպատակը նաև նրանց շնորհը բացահայտելն է: Մենք ունենք երաժիշտներ, որոնք բարձունքների են հասել միջազգային հարթակում: Այդ հանգամանքը շատ բանի մասին է վկայում»,- ասաց նա:

Երեկոյին հնչեցին ջութակահարների, ժողովրդական նվագարանների և վոկալ-գործիքային համույթների կատարումներ: Ելույթ ունեցավ նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի լարային քառյակը:

Ցուցադրվեց «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացվեց հիմնադրամի 10-ամյա գործունեությունը:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հիմնադրվել է 2008 թվականին հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման, համակարգման և արդիականացման նպատակով: Հիմնադրամի առջև ծառացած առաջնային խնդիրներն են ապահովել առավել օժտված և շնորհալի աշակերտների մասնագիտական որակյալ կրթության ճիշտ ուղին, վերականգնել և աշխուժացնել հանրապետության կրթամշակութային հիմնարկների կապը մայրաքաղաքի հետ, կրթական այս կարևոր օղակում կյանքի կոչել նոր գաղափարներ:

Երևանում և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում արդեն ստեղծվել և հաջողությամբ գործում են Հիմնադրամի տասը մասնաճյուղերը` մեթոդական կենտրոնները: Նրանցից յուրաքանչյուրում ընդգրկված են փորձառու մասնագետներ, որոնք տեղում մշտական ուշադրության կենտրոնում են պահում դպրոցների մանկավարժական կոլեկտիվների գործունեությունն ու մշակութային կյանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]