Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Շանթ Սարգսյանի համար շախմատի աշխարհի Մ16 տարեկանների առաջնությունը լարված է եղել  


ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանի կարծիքով, մրցաշարը լարված էր:

«Հետաքրքիր պայքար ծավալվեց աշխարհի այս տարվա առաջնությունում: Կար նաև լարվածություն: Վերջին տուրն ամենալարվածն էր, այն ոչ-ոքի ավարտելով՝ դարձա չեմպիոն: Մեր տարիքային խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս հաջող հանդես եկան»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շախմատիստը:

Սարգսյանի խոսքով` իր վրա դրական ազդեցություն է թողել աշխարհի առաջնությանը նախորդած ուսումնամարզական հավաքը, որտեղ հիմնական շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստության վրա: «Առաջնության ընթացքում դժվարին պարտիա էր Ուզբեկստանի ներկայացուցչի դեմ մրցախաղը: Միայն սևերով նրա դեմ տարած հաղթանակից հետո հասկացա, որ կարող եմ դառնալ չեմպիոն»,-ասաց նորընծա չեմպիոնը:

Հունաստանում ավարտվեցին աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունները: Պատանիների մինչև 16 տարեկանների առաջնությունում հիանալի հաջողության հասավ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Մեր շախմատիստը մրցաշարի հենց մեկնարկում, տոնելով 5 հաղթանակ, ստանձնեց առաջնության առաջատարի և պահեց այն մինչև վերջ: Արդյունքում Սարգսյանը վաստակեց 9 միավոր և հռչակվեց աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Նույն ենթախմբում բրոնզե մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ Արթուր Դավթյանը: Վերջին տուրում Դավթյանը ստացել էր որոշակի առավելություն և հաղթանակի դեպքում կվաստակեր 8 միավոր ու կնվաճեր բրոնզե մեդալ, սակայն որոշիչ պահին մեր շախմատիստը վրիպումներ թույլ տվեց, պարտվեց և գրավեց միայն 12-րդ հորիզոնականը: Նշենք, որ Արթուրը լրացրեց միջազգային վարպետի նորմա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ