Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Արման Փաշիկյանն անսպասելի չի համարում Շանթ Սարգսյանի հաղթանակն աշխարհի առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանի մարզիչ Արման Փաշիկյանը անսպասելի չի համարում իր սանի հաջողությունը Հունաստանում:

«Աշխարհի այս առաջնությունը տարիքային այս խմբերում ուժեղագույն կազմ էր հավաքել: Ընդհանուր առմամբ մեր բոլոր մասնակիցները հաջող հանդես եկան: Շանթը մյուս շախմատիստներին ոչ մի հնարավորություն չտվեց և գրավեց առաջին տեղը: Տիգրան Սարգսյանը և Արթուր Դավթյանը կարողացան միջազգային կարգի նորմա լրացնել: Առավել շատ սպասելիքներ ունեինք Աննա Հակոբյանից, սակայն օլիմպիադայից հետո նրա մոտ կարծես հոգնածություն նկատվեց»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Փաշիկյանի խոսքով, համեմատելով նախորդ տարիների աշխարհի առաջնությունների հետ, այս տարին մրցաշարն առավել ուժեղ էր ստացվել: «Երբ մեկնարկեց աշխարհի առաջնությունը, Շանթին ասացի, որ պետք է ավելի ագրեսիվ և հարձակողական շախմատ խաղալ, քանի որ միշտ զգուշավոր է եղել: Ես անսպասելի չեմ համարում Շանթի հաջողությունն աշխարհի առաջնությունում»,-ասաց մարզիչը:

Հունաստանում ավարտվեցին աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունները: Պատանիների մինչև 16 տարեկանների առաջնությունում հիանալի հաջողության հասավ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Մեր շախմատիստը մրցաշարի հենց մեկնարկում, տոնելով 5 հաղթանակ, ստանձնեց առաջնության առաջատարի դերը և պահեց այն մինչև վերջ: Արդյունքում Սարգսյանը վաստակեց 9 միավոր և հռչակվեց աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Նույն ենթախմբում բրոնզե մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ Արթուր Դավթյանը: Վերջին տուրում Դավթյանը ստացել էր որոշիչ առավելություն և հաղթանակի դեպքում կվաստակեր 8 միավոր ու կնվաճեր բրոնզե մեդալ, սակայն որոշիչ պահին մեր շախմատիստը վրիպումներ թույլ տվեց, պարտվեց և գրավեց միայն 12-րդ հորիզոնականը: Նշենք, որ Արթուրը լրացրեց միջազգային վարպետի նորմա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ