Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Արաբագետն արդարացված է համարում հայ խաղաղապահների մեկնումը Սիրիա


ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խաղաղապահ զինվորականների մեկնումը Սիրիա արդարացված է և ճիշտ ժամանակին ձեռնարկված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Մենք միշտ ակտիվ ենք եղել հումանիտար օգնության տրամադրման հարցում։ Կարծում եմ` հայ զինծառայողների ներկայությունն արդարացված է նրանով, որ հիմա տեսանելի սպառնալիք չկա, որոշակի զսպվածություն կա։ Իսլամական ծայրահեղական ուժերն արդեն նույնը չեն, ինչ երկու-երեք տարի առաջ։ Այն ժամանակ վտանգ կար, որ զինվորականների ներկայությունը կարող է նաև թիրախավորել հայկական համայնքը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ չի կարելի բացառել, որ վտանգը դեռ կա, բայց հայկական ռազմական կոնտինգենտի ներկայությունը վկայում է այն մասին, որ իրենք զբաղվելու են ականազերծմամբ։

«Տվյալ փուլում հայկական կողմից ռազմական ներկայության ակտիվացումը ճիշտ քայլ էր», – շեշտեց Գրիգորյանը։

Ըստ արաբագետի` քաղաքական ոլորտում դեռ վաղ է որևէ քայլեր ձեռնարկել, քանի որ դեռ անորոշ հարցեր կան, օրինակ՝ Բաշար Ասադի ճակատագիրը։

«Դրանից ելնելով` դեռ վաղ է քաղաքական ակտիվություն դրսևորել, պետք է սպասել։ Ռազմական ակտիվությունը ժամանակին է արվում, և այն իր դրական ազդեցությունը կունենա սիրիական զարգացումներում»,- նշեց Գրիգորյանը:

Նա ասաց, որ, ընդհանուր առմամբ, հայկական կողմի համար Հալեպում դեռ վտանգ կա. Հալեպն ազատագրված է, բայց կողքն Իդլիբն է, որտեղ ծայրահեղական իսլամականներ կան։

«Համայնքը լիովին չի ազատվել վտանգից, սպառնալիք և անորոշություն դեռևս կա։ Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այն, ինչ մնացել է: Բայց որոշակի լուծումներ են պետք, զորախմբի ներկայությունը դրանցից մեկն է»,- ասաց Գրիգորյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Սիրիա է մեկնելու Զինված ուժերի հումանիտար ոլորտի 100 մասնագետ՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, ինչպես նաև նրանց գործունեության անվտանգությունն ապահովող անձնակազմ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ