Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Քրդական գործոնը նոր թափ է առնում սիրիական հակամարտությունում. արաբագետ


ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Թուրքիան բավական կոշտ ռազմական, հռետորաբանական արձագանքներ է տալիս Սիրիայի հակամարտության քրդական գործոնին, և այդ երկիրը չի թողնի, որպեսզի քրդերը շարունակեն իրենց ակտիվությունն ու առաջխաղացումն Եփրատից արևելք ընկած տարածքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Անդրադառնալով Սիրիայի հետ կապված զարգացումներին՝ նա ընդգծեց. «Այնտեղ զարգացումները շատ բացասական են, երկիրը բաժանված է ուղղակի ազդեցության գոտիների, կան տարբեր շահեր, իսլամական ծայրահեղական արմատական սպառնալիքը չի վերացել, քրդական գործոնն էլ նոր թափ է առնում, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ը: Վերջին շրջանում Սիրիայում իրենց դերակատարությունն են ակտիվացնում Ռուսաստանը, Թուրքիան և եվրոպական առանցքային երկրներ»,- շեշտեց Գրիգորյանը և հավելեց, որ սիրիական զարգացումներում այժմ բոլորովին այլ իրողություններ են, ինչը չէր նկատվում Մերձավոր Արևելքում՝ քրդական գործոնի հետ կապված:

Արաբագետն առանձնացրեց թուրքական գործոնը. «Անցած գիշեր, այս գիշեր նույնպես բավական ինտենսիվ հրթիռային ռմբակոծություններ են եղել Թուրքիայի տարածքից քրդաբնակ հատվածներ: Էրդողանն էլ արդեն իսկ հայտարարություն է արել, որ ռազմական առումով ակտիվացնելու է իր ներկայությունը Եփրատից արևելք ընկած քրդաբնակ հատվածներում: Թուրքական կողմն այժմ փորձում է լուծումներ գտնել Իդլիբի վերաբերյալ որոշ տերությունների հետ, և այս հարցից հետո Թուրքիան որոշակի ակտիվ քայլեր կձեռնարկի Եփրատից արևելք ընկած քրդաբնակ հատվածներում: Կարծում եմ, որ դա անխուսափելի է»,- ասաց Գրիգորյանը:

Արաբագետը վստահեցրեց, որ Թուրքիան վաղ թե ուշ կիրականացնի իր քայլերը և չի թողնի, որպեսզի քրդերը շարունակեն իրենց ակտիվությունն ու առաջխաղացումն այդ տարածքներում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ