Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ եզրափակիչ հայտարարություն է ընդունել


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած 1-ին նիստում ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ դրույթներով եզրափակիչ հայտարարություն է ընդունվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց կոմիտեում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Այս փաստաթուղթը մանրամասն անդրադառնում է Հայաստանի ներքին քաղաքականությանը: 9-րդ կետով քաղաքական գնահատականներ են հնչում ԱԺ գործունեության հետ կապված, կարևորություն է տրվել ատելության ու բռնության քարոզից ձեռնպահ մնալու խնդրին: Կոչ է արվում քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն: Փաստաթուղթը իշխանությունների վրա պարտավորություն է դրել գալիք ընտրություններին ապահովել հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար: 23-րդ կետը վերաբերում է ընտրական բարեփոխումներին: Այն կոչ է անում հաշվի առնել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ընդունված փաստաթղթում կետեր կան, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ու Ցեղասպանության ճանաչմանը: 34-րդ կետով կոչ է արվում ԵՄ անդամ բոլոր երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ 31-րդ կետը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին հորդորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծել բացառապես բանակցությունների ու խաղաղ ճանապարհով: Արմեն Աշոտյանի խոսքով՝ սա հիմք է հետագայում մեր տեսակետներն ավելի վստահ առաջ տանելու համար:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվում ու չի կարգավորվելու հայտարարություններով, բայց այդ ամենը ստեղծում է քաղաքական շրջանակ, որի մեջ լուծումը պետք է տրվի, հետևաբար սա շատ կարևոր է, որպեսզի հետագայում այդ փաստաթղթերի վրա հղում անելով մեր դիվանագետները կարողանան առաջ տանել իրենց տեսակետները»,- նշեց նա:

Արմեն Աշոտյանը կարևորեց նիստի անցկացումն ու փաստաթղթի ընդունումը, նշելով, որ իրենք լավ ժառանգություն են թողնում հաջորդ խորհրդարանի պատվիրակությունը, սակայն ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ