Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Աշոտ Ղուլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամներին


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այս հանդիպումը հարմար առիթ է՝ խոսելու մարդկային ու ժողովրդավարական այն արժեքների մասին, որոնք միավորում են երկու երկրների ժողովուրդներին՝ անկախ իրենց ծննդավայրից: Աշոտ Ղուլյանը նաև կարևորել է մեկ տարի առաջ Արցախի և Բելգիայի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունները՝ առանձնահատուկ ընդգծելով «Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի և Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի դերակատարությանը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն առաջարկել է մտածել համագործակցության կոնկրետ օրակարգի ձևավորման մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոն նշել է, որ խորհրդարաններն ու խորհրդարանականները պետք է կարողանան հարաբերվել առանց դժվարությունների, ինչը թույլ կտա ապահովել տնտեսությունների և այլ կարևոր բնագավառների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջկուսակցական  համագործակցության հնարավորություններին և խորհրդարանում  ու քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքաին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամներն այնուհետև հանդիպել են Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամների հետ:

Բարեկամության շրջանակի նախագահ Վահրամ Բալայանը, բացելով հանդիպումը, կարևորել է հյուրերի այցը և հետագա հարաբերությունների ձևավորումը՝ հաշվի առնելով ադրբեջանական ջանքերը՝ Արցախն արհեստականորեն մեկուսացնելու ուղղությամբ: Վահրամ Բալայանը նաև նշել է, որ Արցախը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածք՝ այլ ժողովուրդ, որն ունի արժանավայել կյանքով ապրելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են նաև երկու երկրների խորհրդարանական համակարգերին, դրանց կառուցվածքին և խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների շուրջ:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ