Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինչու է Վիգեն Սարգսյանը մանիպուլյացիա անում

Ինչու է Վիգեն Սարգսյանը մանիպուլյացիա անում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այն քննադատության ենթարկելով։ Քաղաքական ընդդիմախոսության այդ փորձը, որը կարելի էր հաջող որակել՝ նկատի ունենալով տեքստի քաղաքական բնույթը, աչք է զարնում մանիպուլյացիոն ձևակերպումներով՝ միտված փաստերի աղճատված ներկայացմանը։ Մի կողմ թողնելով նախկին նախարարի տեքստի պաթետիզմն ու զգացական մեկնությունները, որոնք, ըստ էության, խամրեցրել են առանձին դիպուկ նկատառումներ, հարկ է անդրադառնալ մի շարք էական հանգամանքների, որոնք խնդրո առարկայի բովանդակությանն անծանոթ ընթերցողին կարող են մանիպուլյացիայի ենթարկել՝ խեղելով իրականությունը։

Նախկին նախարարը, ի թիվս կոպիտ ձևակերպումների, Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը բնորոշում է «տհաճ ֆիլմ» պիտակով՝ իր քննադատության մեխը դարձնելով ոչ թե քաղաքական գնահատականը, այլ զգացական որակումները։ Նա այդօրինակ փորձ ունեցավ նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչը բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն՝ կրկնակի ավերակների ենթարկելով ՀՀԿ-ի հնարավոր «ռեբրենդինգը»։ Այժմ նախկին նախարարը կարծես մտնում է նույն գետը՝ չկարողանալով հաջողել քաղաքական տեքստը քաղաքական բառապաշարում տեղավորելու գործում։

Նախկին նախարարին ակներևաբար խիստ մտահոգել են ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ նրա իսկ ակնարկի, համարժեք պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից։ Նա նկատում է, որ Բոլթոնն ավելի շատ եկել էր իրազեկելու ամերիկյան օրակարգի մասին, քան խոսելու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներից։ Զարմանալի է, որ 15 տարի բարձր մակարդակի բանակցություններին ներգրավված Սարգսյանը հաշվի չի առել ո՛չ Թրամփի վարչակազմի բնույթը, ո՛չ Բոլթոնի անձը, ո՛չ միջազգային քաղաքական իրադրությունը, ո՛չ ԱՄՆ-ի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Ջոն Բոլթոնը դավանում է նեոկոնսերվատիստական նրբերանգներով առանձնացող ռեալպոլիտիկի գաղափարաբանությունը և նրա համար, որպես կարծրացած բնավորության տեր դիվանագետի, կան քարացած քաղաքական կատեգորիաներ, որոնք մեկնարկում են չարիքի երեք գագաթներով (Axes of Evil) և հանգում ԱՄՆ-ի բացարձակ շահերին։ Բոլթոնի վերաբերմունքը Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ պարփակվում է ԱՄՆ-ի արտաքին շահերով, իսկ մնացած պետությունները սոսկ դիտարկվում են այդ շահերին օգտակար լինելու տեսանկյունից։ Դեռ ավելին՝ Բոլթոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նոր չէ, որ ձևավորվել է։ Նախորդ տարիներին իր գրեթե բոլոր զրույցներում նա Հայաստանն անվանում էր Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող և Կովկասում Ռուսաստանի շահերը սպասարկող պետություն, որը չի կարողանում դուրս գալ պատմական կարծրատիպերից։ Իսկ որքան բոլորիս հիշողությունը չի դավաճանում, նախորդ տարիների արտաքին քաղաքականության համար պատասխանատու է եղել նախկին նախարարի քաղաքական թիմն ու անձամբ ինքը։ Կարելի է նույնիսկ դրականորեն արձանագրել, որ Բոլթոնի պես կոշտ ռեալիստը Հայաստանում հանդես եկավ բավականին նուրբ ձևակերպումներով՝ մի շարք կոդավորված առաջարկներ ներկայացնելով Հայաստանի իշխանություններին։ Եվ եթե Հայաստանի վերաբերյալ Բոլթոնն ունի այլ պատկերացումներ, դրա համար պետք է «երախտապարտ» լինել նախորդ իշխանություններին և նրանց վարած քաղաքականությանը, որ հետևողականորեն Հայաստանը կաղապարել են ռուսական ազդեցության գոտում։ Այսուհանդերձ, մեղմ ասած, տարակուսելի է, որ նախկին նախարարի մակարդակով ԱՄՆ նախագահի խորհրդականի մտքերի համար պատասխանատու է հռչակվում ՀՀ գործող իշխանությունը։ Հազիվ թե նախկին նախարարը չիմանա, որ հատկապես նման պաշտոնյաները տարածաշրջան են բերում իրե՛նց օրակարգը և փորձում ծանոթանալ տեղում տիրող կարծիքին։ Այդպես է եղել միշտ, այդպես է լինելու վաղը, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացվելու է Հայաստանի ներկայացուցիչների այցով՝ Վաշինգտոն։ Չի բացառվում, իհարկե, որ նախկին նախարարի պրակտիկայում պատահել է, որ նման բարձրաստիճան դերակատարները գան Հայաստան ու նախկին իշխանություններից տեղեկանան սեփական շահերի մասին և խորհուրդներ հարցնեն վարվելիք քաղաքականության վերաբերյալ։ Անշուշտ, նախկին իշխանությունների իրական ֆիասկոները (օրինակ՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը») հենց այդպիսի «հաշվարկված» քաղաքականության, «հարգված» ու «պարտնյորական» հարաբերությունների արդյունք են եղել։

ԱՄՆ ներկա և նախկին վարչակազմերի միջև հրաժարվելով որևէ տարբերություն տեսնելուց՝ նախկին նախարարը դրանք դիտարկում է միևնույն հարթության մեջ և, Բոլթոնի՝ «պատմական կաղապարներից» հրաժարվելու կոչը համեմատելով Օբամայի հայտարարությունների հետ, դրա պատասախանատվությունն էլ է վերագրում ՀՀ իշխանություններին։ Ամերիկյան մի շարք վերլուծաբաններ և զլմ-ներ, որոնք օր ու գիշեր քննադատում են Թրամփին ու նրա վարչակազմին Օբամայի քաղաքական կուրսից շեղվելու համար, թերևս նույնքան անգետ են, քանի որ չգիտեն, որ դրա համար էլ են պատասխանատու ՀՀ գործող իշխանությունները։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Օբամայի կառավարության նեոլիբերալ, ազատական և գուցե իդեալիստական ընկալումները որևէ աղերս չունեն Թրամփի վարչակազմի հետ։ Օբամայի քաղաքականությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ ԱՄՆ դաշնակից և մրցակից պետությունների հետ լիովին այլ գործիքակազմով է ընթացել, իսկ Թրամփն ու նրա խորհրդականները, մեղմ ասած, արհամարհում են այդ գործելաոճը՝ փոխարենը ընտրելով իրերը իրենց անունով կոչելու կոշտ քաղաքականությունը։ Մի՞թե նախկին նախարարը չգիտի, որ թրամփյան ԱՄՆ-ի առաջնահերթությունները թե՛ դաշանկիցների, թե՛ մրցակիցների, թե՛ չեզոք պետությունների նկատմամբ էականորեն փոխվել են Օբամայի համեմատությամբ և այդ փոփոխությունը ոչ միայն դրսևորվում է խոսքով, այլև գործով։ Եվ եթե նախկին նախարարը պիտի շարունակի համոզել, որ ՀՀ նախկին իշխանություններն ի վիճակի էին ազդելու այդպիսի համաշխարհային փոփոխությունների վրա, ապա այսժամ կարելի է միմիայն լռել։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ նման հեղինակություն ու միջազգային հարցեր լուծող իշխանությունները 2016թ. նոյեմբերից մինչև 2018թ. ապրիլ այդպես էլ անկարող եղան կազմակերպելու Դոնալդ Թրամփի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը, իսկ վերջինիս ամերիկյան հեռախոսային զրուցընկերն այդպես էլ մնաց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Նախկին նախարարի զայրույթի հաջորդ առիթը Բոլթոնի ոչ թե՛ հայտարարությունը, այլ սոսկ ակնարկն էր «զիջումներ բաց սահմանի դիմաց բանաձևի» մասին։ Նախկին նախարարն այնպես է զարմացել ԼՂ-ի հարցի լուծման ու ապաշրջափակման միջև կապից, կարծես նախ՝ դրանք իրար հետ որևէ կապ չունեն, ապա՝ նախորդ տարիներին այդ հարցը երբևէ չի քննարկվել։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն ԼՂ հակամարտության լուծման կամ էական առաջընթացի պարագայում։ Այսինքն՝ առնվազն թուրքական կողմի մակարդակով Հայաստանի ապաշրջափակումը ուղղակիորեն կապված է ԼՂ-ի հարցի հետ, ինչը բազմիցս քննարկել ու բանակցել են Հայաստանի նախկին իշխանությունները։ Եվ ապա՝ 2014թ. մայիսին «Քարնեգի» հիմնադրամում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը առանց թաքցնելու խոսեց տարածքային զիջումների մասին՝ դրանք ճանաչելով որպես հայկական կողմից անհրաժեշտ փոխզիջում։ Եվ ինչպե՞ս արձագանքեց ՀՀ այն ժամանակվա իշխանությունը. հայտարարվեց, որ դա Ուորլիքի անձնական կարծիքն էր։ Այդ հարցով նույնաբովանդակ բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի նախկին իշխանությունների ու ամերիկացի դիվանագետների միջև, որոնք բացահայտված են «Վիկիլիքսի» փաստաթղթերով։ Ուստի այսօր չքմեղացումները, թե տարածքային զիջումներն առնչություն չունեն ապաշրջափակման հետ և այլն, մեղմ ասած մոլորեցնող են և հատկապես այն անձանց կողմից, որոնք մասնակցել են այդ բանակցություններին։ Ի վերջո, ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն է իր իսկ խոստովանությամբ պատրաստ եղել 2011թ. Կազանում ստորագրել տարածքային զիջումներ ենթադրող համաձայնագիր։ Արձանագրենք՝ այս դեպքում, եթե սկզբունքը տարածքային զիջումների անթույլատրելիությունն է, ապա այլևս կապ չունի, թե դրանք ինչի դիմաց են զիջվում՝ անկախությա՞ն, խաղաղությա՞ն, թե՞ բաց սահմանների։

«Պատմական կաղապարներից» հրաժարվելու մասին Բոլթոնի հայտարարության տակ նախկին նախարարը տեսել է Թուրքիայի ուրվականը։ Թեպետ նա ուղղակիորեն և դետալացված չի ձևակերպում իր մտահոգությունն այս հարցում, սակայն տեքստի հաջորդ հատվածների համադրությամբ ակնհայտ է դառնում, որ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանի իշխանությունը կարող է զիջումների գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Սակայն նախկին նախարարը կարծես մոռանում է, որ 2008թ. «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, ըստ էության, Հայաստանը բոլոր հնարավոր զիջումներն արել էր թուրքերին։ Հայ-թուրքական արձանագրություններով հենց Սերժ Սարգսյանն էր համաձայնում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գնով «կարգավորել» հայ-թուրքական հարաբերությունները։ Արդ, մի՞թե այդ հանձնաժողովի ստեղծումը տեղավորվում էր «պատմական կաղապարների» մեջ։ Մի՞թե նման համաձայնությամբ նախկին իշխանությունը խոշոր զիջում չէր կատարում Թուրքիային և փաստացի կասկածի տակ դնում Ցեղասպանությունը։ Ի վերջո, մի՞թե նախկին նախարարը չի հիշում 2009թ. դեկտեմբերի 1-ին, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, իր իսկ հանդիպումը ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթան Գոլդրիչի հետ, երբ ինքն էր անհրաժեշտ համարում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում և առանց կաշկանդվելու հայտարարում, որ Հայաստանի իշխանությունները միամիտ չեն և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարում գիտակցում են Թուրքիայի դերակատարության աճը տարածաշրջանի բոլոր խնդիրների նկատմամբ, այդ թվում նաև՝ Ղարաբաղի։ Ստացվում է, որ հեռանկարում ռիսկեր տեսնելով հանդերձ՝ նախկին իշխանությունը պատրաստ էր զիջել թուրքերի պահանջած հանձնաժողովի ստեղծման, հեռանկարում Թուրքիայի դերի անխուսափելի մեծացման հարցերում և այլն։ Նման պատասխանատվությունը, դժբախտաբար, ակնհայտորեն չի կաշկանդում նախկին պաշտոնյաներին այսօր ուրիշներին մեղադրելու զիջողականության, քաղաքական կուրսի տապալման և այլ հարցերում, որոնք, ի դեպ, տիպական էին հենց նախկին իշխանությունների համար։

Վերջապես, նախկին նախարարը հանգում է եզրակացության, որ ԱՄՆ-ի այդպիսի դիրքորոշումը ազդվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և ընդամենը արձագանք է ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։ Սա թերևս ամենամեծ մանիպուլյացիան է, որ իրեն թույլ է տալիս նախկին նախարարը՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության տարածաշրջանային դոկտրինը պայմանավորելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։ Եվ ահա հենց այստեղ է թաքնված մանիպուլյատիվ ձևակերպումների իրական շարժառիթը՝ օգտագործել ցանկացած հարց ներքաղաքական հարթակում դիվիդենտներ քաղելու նպատակով։ Նախկին նախարարը մեկ անգամ արդեն իսկ ձախողվել է այդօրինակ ձեռնարկում, երբ մայիսին խոսել էր ԼՂ հակամարտության մասին։ Արտաքին քաղաքականության շահարկման երկրորդ փորձը կարծես կրկին հանգում է նույն արդյունքին այս անգամ արդեն արտահերթ ընտրությունների նախօրյակին՝ փաստացիորեն զրոյացնելով սեփական կուսակցության քաղաքական ռեաբիլիտացիայի նույնիսկ տեսական հնարավորությունները։ 

Նժդեհ Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]