Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որո՞նք էին Բոլթոնի հայաստանյան այցի գլխավոր շեշտադրումները

Որո՞նք էին Բոլթոնի հայաստանյան այցի գլխավոր շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը տարածաշրջան գտնվում էր թե՛ փորձագիտական, թե՛ հանրային շրջանակների ուշադրության կենտրոնում: Ըստ էության, սա 1997թ.-ից ի վեր նման մակարդակի ամերիկյան պաշտոնյայի առաջին այցն էր, ինչը վկայում է Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան վարչակազմի հետաքրքրվածության մասին: Ջոն Բոլթոնը, ով զգալի ազդեցություն ունի թե՛ ԱՄՆ արտաքին քաղաքականության, թե՛ անձամբ նախագահ Դ. Թրամփի վրա, Հարավային Կովկաս էր ժամանել առավել լավ ծանոթանալու առկա իրողություններին, հստակեցնելու տարածաշրջանային երկրների մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելու ամերիկյան կողմի առաջնահերթությունները: Այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները, քննարկումները, ինչպես նաև պայմանավորվածություններն, անշուշտ, իրենց ազդեցությունը կունենան ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից արտաքին քաղաքականության հարավկովկասյան վեկտորում որոշակի վերաձևակերպումներ կատարելու գործընթացում:

Հատկանշական է, որ նեոռեալիստական մոտեցումներով հայտնի Ջ. Բոլթոնն իր այցի ընթացքում Հարավային Կովկասը որակեց ԱՄՆ համար ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջան, իսկ հարավկովկասյան երկրների հետ հարաբերություններին տվեց որոշակի գնահատականներ, որոնք, ըստ էության, բացահայտում են նաև ամերիկյան ընկալումները: Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ համար Վրաստանն ունի «բարձրագույն ռազմավարական կարևորություն», Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերություններն ունեն «ռազմավարական կարևորություն», իսկ Հայաստանի հետ հարաբերությունները «բարձր առաջնահերթություն» են:

Անդրադառնանք Բոլթոնի հայաստանյան այցին և Երևանում արված շեշտադրումներին՝ փորձելով առանձնացնել այցի շրջանակներում քննարկված առավել կարևոր թեմաները:

 

Ղարաբաղյան հակամարտություն

Բոլթոնն իր այցի շրջանակներում նախևառաջ խնդիր ուներ հստակեցնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերի մոտեցումները՝ առավել լավ պատկերացնելու բանակցային գործընթացի ներկայիս փուլը և կողմերի տեսլականը: Բոլթոնի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նրա կողմից ընկալվում է որպես տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցման հնարավորություն: Ավելին, ըստ նրա՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բարձր մակարդակը՝ արտահերթ ընտրություններում հաղթանակից հետո վերջինս կունենա բավական ուժեղ մանդատ՝ որոշիչ քայլեր կատարելու համար, այդ թվում՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բոլթոնի այս թեզը տրամաբանական է, սակայն բավական խնդրահարույց է, թե արդյոք Ադրբեջանը կունենա բավական քաղաքական պատրաստակամություն փոխադարձ քայլերի համար. գոնե այսօր Բաքվի կառուցողականության մասին խոսելու մասին բավարար հիմքեր չկան:

Հատկանշական է, որ Բոլթոնը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված կողմնակից է այն մոտեցման, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ավելի ակտիվ և նախաձեռնողական գտնվի: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև Երևանում արված շեշտադրումները՝ կարելի է ենթադրել, որ առաջիկայում ամերիկյան համանախագահի կողմից կարելի է ակնկալել որոշակի ակտիվություն, որը պետք է ուղղված լինի, ինչպես Բոլթոնն է ձևակերպել, «կողմերի համար ընդունելի լուծման»:

 

907-րդ բանաձև

Բոլթոնի՝ Ադրբեջան և Հայաստան այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև «Ազատության աջակցման ակտ»-ի 907-րդ բանաձևի մասին, որը հանդիսանում է ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցների թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Այս բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանը:  2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ջորջ Բուշը անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և օժանդակել Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: ԱՄՆ նախագահներ Ջ. Բուշը և նրան հաջորդած Բ. Օբաման մի քանի անգամ շրջանցել են 907-րդ բանաձևը՝ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով Բաքվին: Տարիներ շարունակ Ադրբեջանը բարձրաձայնում է 907-րդ բանաձևն ընդհանրապես չեղարկելու անհրաժեշտության մասին, քանի որ այն «խոչընդոտում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև առավել սերտ համագործակցությանը»։ Թե՛ Բաքվում, թե՛ Երևանում Բոլթոնին լրագրողների կողմից հարցեր հնչեցին 907-րդ բանաձևի ճակատագրի վերաբերյալ և, նա, շեշտելով, որ այդ հարցում որոշում չկա, փաստացի չբացառեց բանաձևի շրջանցման կամ չեղարկման հնարավորությունը:

Ըստ Բոլթոնի՝ Երևանը և Բաքուն որոշակի կախվածություն ունեն Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումներից և տեսականորեն ամերիկյան զենքի մատակարարումները կարող են թուլացնել այդ կախվածությունը: Նման տրամաբանությունն իրականում մտահոգիչ է, քանի որ Վաշինգտոնի կողմից զենքի վաճառքը ոչ միայն կսրի սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև էապես կավելացնի լարվածությունը՝ վտանգելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բացի այդ, եթե Ռուսաստանից Հայաստանը զենք է ձեռք բերում համեմատաբար մատչելի, գործարանային գներով, ապա ամերիկյան զենքի պարագայում ադրբեջանական կողմը կունենա ընդգծված առավելություն՝ ի հաշիվ իր բարձր գնողունակության:

 

Իրանական գործոն

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնի է որպես Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, ով 2007թ.-ին անգամ հանդես էր գալիս Իրանի նկատմամբ ռազմական գործողություն սկսելու կոչերով: Նա բավական մեծ դերակատարում ունի Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ Իրանի նկատմամբ հարավկովկասյան երկրների մոտեցումների հստակեցումը Ջ. Բոլթոնի տարածաշրջանային այցի հիմնական խնդիրներից էր: Չնայած Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա մի շարք խնդիրներին՝ երկու երկրների միջև վերջին շրջանում նկատելի էր տնտեսական փոխգործակցության (Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք, համատեղ ձեռնարկություններ և այլն) ակտիվացում, ինչը, բնականաբար, չի բխում Վաշինգտոնի շահերից: Ադրբեջանական ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում Բոլթոնին, կարծես թե, հաջողվել է որոշակի հաջողության հասնել: Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ «Ալիևի և Մամեդյարովի հետ քննարկվել է այն հարցը, թե ինչպես  ճնշում գործադրել Իրանի վրա առանց նշանակալից վնաս հասցնելու Ադրբեջանին»՝ համոզմունք հայտնելով, որ կգտնեն այդպիսի տարբերակ:

Հայաստանի պարագայում Իրանի հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը: Իրանի նկատմամբ սաստկացող ամերիկյան պատժամիջոցների ֆոնին՝ ԱՄՆ պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչում են նաև հայ-իրանական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին կոչեր: Բնական է, որ Բոլթոնի այցի շրջանակներում  տվյալ հարցը ևս քննարկվել է, և հայկական կողմը խնդիր ուներ հնարավորինս հիմնավոր կերպով ներկայացնել առկա իրողությունները, ինչպես նաև Իրանի հետ հարաբերություններում կտրուկ շրջադարձերի կամ հակաիրանական քաղաքականությանն աջակցելու անհնարինությունը: Թերևս հենց այս իրողություններով պայմանավորված էլ Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, և այդ առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի:

 

 Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելություն

Հաշվի առնելով սիրիական ճգնաժամում ԱՄՆ ներգրավվածությունը, Սիրիայում ռազմական ներկայություն ունեցող ՌԴ և Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը՝ բնական է, որ Բոլթոնի հայաստանյան այցի շրջանակներում քննարկման առարկա պետք է դառնար նաև Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության նախաձեռնությունը: ԱՄՆ համար Սիրիական ճգնաժամում երրորդ ուժերի ռազմական ներգրավվածությունը բավական զգայուն խնդիր է, ուստի կարևոր էր, որ հայկական կողմը հնարավորինս համակողմանի ներկայացներ հայկական հումանիտար առաքելության բնույթը, ժամկետները և խնդիրները: Ըստ Բոլթոնի՝ նա ստացել է հավաստիացումներ, որ Հայաստանի առաքելությունը կրում է ոչ թե ռազմական, այլ զուտ մարդասիրական բնույթ: Կարելի է ենթադրել, որ Սիրիայում հայկական հումանիտար առաքելությունը գտնվելու է ԱՄՆ ուշադրության կենտրոնում, ուստի հնարավոր մարտահրավերներից խուսափելու նպատակով, բավական կարևոր է խստորեն հետևել առաքելության շրջանակներում սահմանված խնդիրներին:

 

Հայ-ամերիկյան օրակարգ

Բոլթոնի այցը Հայաստան բավական կարևոր էր նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների և համատեղ օրակարգի քննարկման տեսանկյունից: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը դրական է ընկալվում ԱՄՆ կողմից և, ինչպես Բոլթոնը հայտարարեց վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ, Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Հայ-ամերիկյան հարաբերությունների խթանման տեսանկյունից բավական կարևոր է նաև քաղաքական շփումները և բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, ինչի մասին ևս կողմերը բարձրաձայնել են:

Հատկանշական է, որ Բոլթոնի հետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների շրջանակներում անդրադարձ է եղել նաև հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս առումով ԱՄՆ նախագահի խորհրդականը հակված է այն մոտեցմանը, որ «ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը մասնավոր հատվածում է»:

Ամփոփելով նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան պատմական էր և ազդարարում է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության նոր փուլի ուրվագծման մասին: Թե ինչ դերակատարում կստանա հարավկովկասյան երեք երկրներից յուրաքանչյուրն այդ քաղաքականության շրջանակներում, առայժմ կարելի է միայն ենթադրել: Սակայն մեկ բան միանշանակ է՝ առաջիկայում պետք է ակնկալել ԱՄՆ ակտիվացում ողջ տարածաշրջանում:

 

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]