Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արհեստական ինտելեկտի հայ մասնագետները մշակել են անվտանգության համակարգ, որը տեսախցիկների միջոցով ի զորու է կանխել հանցանքը

Արհեստական ինտելեկտի հայ մասնագետները մշակել են անվտանգության համակարգ, 
որը տեսախցիկների միջոցով ի զորու է կանխել հանցանքը

 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանաբնակ հայ մասնագետները մշակել են համակարգ, որի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել մարդկային բռնի վարքագծի հնարավոր դրսեւորումները եւ կանխել հանցագործությունները։ «SCYLLA» անվանումը ստացած համակարգը իրենից ներկայացնում է անվտանգության իրական ժամանակի ավտոնոմ մեխանիզմ՝ մշակված արհեստական ինտելեկտի, ինչպես նաեւ մեքենայական ուսուցման մեթոդաբանության հիման վրա՝ տեսախցիկների միջոցով ճանաչելու վիզուալ օբյեկտները, մասնավորապես՝ զենք, զինամթերք։ «Develandoo» ընկերության գործադիր տնօրեն, արհեստական ինտելեկտի փորձագետ Ալբերտ Ստեփանյանը, ով համահեղինակել է համակարգը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այն միտված է ապահովելու հանրության անվտանգությունը՝ նվազեցնելով հանցագործությունների դեպքերը։

«Նման համակարգ մշակելու գաղափարը ծնվեց սովորական մի զրույցից, երբ ես Լոս Անջելեսում մասնակցում էի իմ ընկերոջ դստեր մկրտությանը։ Տեղի հայկական եկեղեցում լսում էի, թե ինչպես է քահանան երիտասարդ սերնդին պատմում ընտանեկան արժեքների, ժամանակակից հասարակությունում կրթության կարեւորության մասին։ Այդ պահին ընկերս դարձավ ինձ ու մտահոգված հարցրեց, թե ինչ եմ կարծում դպրոցներում զանգվածային կրակոցների, հանցագործությունների մասին, որոնց հետեւանքով անմեղ դեռահասներ են զոհվում։ Նա հարցրեց՝ արդյոք նորագույն տեխնոլոգիաները ի զորու են որեւէ լուծում տալ այդ ամենին, քանի որ աշակերտները նույնիսկ դպրոցներում այլեւս անվտանգ չեն։ Ու լինելով ոլորտի մասնագետ՝ ես սկսեցի մտածել՝ ինչ կարելի է անել այս ուղղությամբ՝ առնվազն մի քայլ, որը կնպաստի նման դեպքերի նվազեցմանը, քանի որ համարյա ամեն օր կարելի է լսել նման դեպքերի մասին»,-պատմեց Ալբերտ Ստեփանյանը՝ հիշեցնելով Ղրիմում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հարձակման մասին, որի հետեւանքով շուրջ 18 մարդ է զոհվել (մեծամասամբ դեռահասներ), եւ 50-ը՝ վնասվածք ստացել:

Ալբերտ Ստեփանյանի խոսքով՝ երկու տարի շարունակ մշակված այս համակարգի ստեղծման հիմքում դրված է մի գաղափար, այն է՝ դժվար է դիտարկել նախահարձակ վարքագիծը կամ հանցագործության համար օգտագործվող առարկաները, սակայն դա անհնարին չէ։

«Տեղադրված լինելով անվտանգության տեսախցիկներում՝  այս մեխանիզմն ի զորու է թիրախավորել եւ դիտարկել ատրճանակ, դանակ կամ օրինակ՝ կոտրված շիշ կրող անձանց, այսինքն՝ դիտարկում է տվյալ անձի վարքագիծը, նախքան հանցագործությունը տեղի կունենա։ Սա հնարավորություն է տալիս ահազանգն անմիջապես ուղարկել հատուկ մարմիններին՝ կրճատելով այն ժամանակը, որի ընթացքում միգուցեեւ  հանցագործությունն արդեն իսկ տեղի ունեցած լիներ»,-հավելեց փորձագետը:

Ալբերտ Ստեփանյանը նշեց, որ համակարգը մշակելուց եւ փորձարկելուց հետո հաջորդ քայլը վստահելի գործընկերներ, ֆինանսավորում գտնելն էր, որպեսզի հնարավոր լիներ արդեն մտածել անհրաժեշտ վայրերում այն ներդնելու մասին։

«Մեր թիմակիցների ջանքերի, հետագա աջակցության եւ զարգացման շնորհիվ  SCYLLA համակարգը վարժեցվեց մինչեւ 96 տոկոս ճշգրտությամբ դիտարկելու եւ ճանաչելու մարդկային կասկածելի վարքագիծը, հանցագործության համար օգտագործվող տարբեր առարկաները»,-ասաց նա։

Ալբերտ Ստեփանյանը տեղեկացրեց, որ համաշխարհային մասշտաբով հայտնի Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցի  կողմից SCYLLA-ն վերջերս ճանաչվել է աշխարհի 10 լավագույն ստարտափերից մեկը։ Ստարտափին անդրադարձ կատարվել է նաեւ BBC բրիտանական հեղինակավոր պարբերականի կողմից, ինչպես նաեւ վերջերս այն ներկայացվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Science and Technology Convergence» համաժողովի շրջանակում։

«Այժմ այն ակտիվորեն ներդրվում է Գերմանիայի դպրոցներում, ինչպես նաեւ բանակցություններ են տարվում ուժային կառույցների հետ համակարգը Միացյալ Նահանգներում ներդնելու ուղղությամբ։ Մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Գերմանիայում, սակայն մասնաճյուղեր ունենք նաեւ Բելառուսում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում եւ բավականին մեծ մասնաճյուղ՝ հենց Հայաստանում։ Մեզ համար կարեւոր է այս համակարգի մասին իրազեկել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ մեր հայրենիքում՝ Հայաստանում, քանի որ կարծում եմ՝ այն այստեղ եւս բավականին արդյունավետ կլինի հենց հանրության անվտանգությունն ապահովելու համատեքստում, եւ ինչպես նշեցի, մեր միակ նպատակը հենց դա է։ Ոչինչ ավելի թանկ չէ, քան մարդկային կյանքը։ Ինչու չնպաստել առավել անվտանգ երկրի կայացմանը, մարդկանց համար անվտանգ կյանքի ապահովմանը»,-եզրափակեց Ալբերտ Ստեփանյանը՝ հավելելով, որ համակարգի դեմո տարբերակը հասանելի է համացանցում։

 

.

 

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]