Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

#CultTalk. Դասական երաժշտությունն ունկնդիր ձևավորելու խնդիր ունի. Սոնա Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովեր» պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 28-ին հյուրախաղերով կմեկնի Լեհաստան: Բազմիցս Լեհաստանում հանդես եկած կոլեկտիվն առաջին անգամ ելույթ կունենա Կրակով քաղաքում, տեղի նվագախմբի և կամերային երգչախմբի հետ՝ ներկայացնելով մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Te deum» ստեղծագործությունը: «Արմենպրես»-ը զրուցել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի հետ՝ երգչախմբի առաջիկա ծրագրերի, հայ տաղանդավոր երգիչների ու երգչախմբային ոլորտի կարևորագույն խնդիրների մասին:

«Հովեր»-ի առաջիկա ծրագրերը

Հոկտեմբերի 25-ին կմասնակցենք Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացմանը: Իսկ հոկտեմբերի 28-ին կմեկնենք Կրակով՝ ներկայացնելու Պենդերեցկու «Te deum» ստեղծագործությունը: Շատ ջերմ հիշողություններ ունենք կապված Պենդերեցկու հետ: Արդեն եղել ենք «Բեթհովեն» փառատոնին, բազմիցս հանդես ենք եկել Լեհաստանում: Կրակովում չենք եղել, հիմա էլ այնտեղ կլինենք:

Կվերադառնանք և ձեռնամուխ կլինենք հաջորդ ծրագրերին: Դեկտեմբեր 2-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ ներկայացնելու ենք Բրուքների «Ռեքվիեմը», որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում: Դեկտեմբերի 6-ին Գյումրիում «Հովեր»-ի մասնակցությամբ կկայանա «Գրիգոր Նարեկացի» բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա. Սահակյան), իսկ դեկտեմբերի 15-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնենք ինքնատիպ ծրագիր:

Յուրահատուկը՝ համերգի ժամանակ

Երգչախումբը, առհասարակ, սիրում է փակ տարածքներ, արձագանք, հնչողության անդրադարձ: Յուրաքանչյուր համերգ ունի իր յուրահատուկ միջավայրը, որը չի փոխանցվում տեսագրված տարբերակով: Եթերով հեռարձակված համերգները 70 տոկոսով կորուստ են ունենում՝որքան էլ լավ տեսագրված լինեն: Հարկավոր է մշակել համերգի հեռուստատեսային տարբերակի նոր ձևաչափ: Երբ երգչախումբը կամ որևէ համերգ մտնում է եթեր, նրանում պետք է հատուկ ձևով սինթեզել եթերի օրենքները և ստեղծել նոր արտադրանք: Այդ դեպքում է, որ ընդունելի կլինի և հետաքրքիր կլինի դիտել համերգը հեռուստացույցով:

Երիտասարդ երգիչներ

Երգչախմբի երգիչը և ընդհանրապես երգիչը շատ տարբեր հասկացություններ են: Երգչախմբի արտիստը բոլորովին այլ կատեգորիա է: Ունենք լավ երգչախմբեր: Լավ է, որ մեր օրերում երգչախմբի արտիստի մասնագիտությունը շատ հարգի դարձավ:  Յուրաքանչյուր երգիչ իր գույնն է բերում երգչախումբ: Եվ խմբավարն օգտվում է այդ գույներից, ստեղծելով ինքնատիպ կտավ, ինչպես յուրաքանչյուր նկարիչ:

Կարծում եմ, որ երգչախմբի երգիչը պետք է տիրապետի մի շարք հատկանիշների: Երգչախմբի երգչի ճկունությունն այլ է:

Ամեն օր լսում եմ լավ երգիչների: Իսկապես, չեմ չափազանցնում, ամեն օր դիմում են ինձ: Շատ գեղեցիկ ձայներ կան: Բայց պակասում են  գիտելիքները, հարմոնիկ լսողությունը, փորձառությունը: Ես վերջին շրջանում երկու հրաշալի երգիչ ընդգրկեցի, շատ երիտասարդ են և խոստումնալից: Հառիճավանքում վերջերս կայացած համերգին երկուսն էլ որպես մենակատարներ հանդես եկան: Տղաների հետ շատ մեծ հույսեր եմ կապում, ճիշտ է՝ դեռ պիտի հղկվեն:

Ունկնդիր ձևավորելու խնդիր

Ակադեմիական երաժշտությունը որոշակի իմացություն, գիտելիք պահանջող ասպարեզ է: Դասական երաժշտությունն ունկնդիր ձևավորելու խնդիր ունի:

Այսօր հրաշալի ոչ պրոֆեսիոնալ երգչախմբեր ունենք, շատ լավ խմբավարներ կան: Մյուս կողմից՝ եթե դրսից երգչախումբ, նվագախումբ է գալիս, նստելու տեղ չի լինում դահլիճում, ժողովուրդը ցանկանում է բաց չթողնել նրանց լսելու առիթը: Բայց մեկ անգամ Հայաստան գալը մի բան է, այստեղ պարբերաբար համերգներ և պետական պարտավորվածություններ ունենալը մեկ այլ բան:

Ոչ նորմավորված գրաֆիկ

Շուտով բոլոր խմբավարներով մշակույթի նախարարի հետ կքննարկենք մեզ հուզող խնդիրներն ու պլանները: Երգչախմբի երգիչները, փողային գործիքներ նվագող երաժիշտներն աշխատում են շնչառությամբ և չեն կարող ունենալ 8-ժամյա աշխատանքային օր: Դա անհնար է: Դա մեր ժանրի առանձնահատկությունն է: Ուստի և մեր աշխատանքային ռեժիմը նորմավորված չէ:

Եթե շատ հաճախ ես ելույթներ ունենում, դա բոլորովին չի նշանակում, որ լավ ես աշխատում: Կարևորում եմ որակի առաջնահերթությունը, որովհետև մեկ վատ համերգն ավելի մեծ վնաս է պատճառում, քան մի քանի լավ համերգներն օգուտ են բերում: Այս ամենը կքննարկենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնենք:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ