Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Յունիոր Սեւան» ֆուտբոլային թիմի գերնպատակը Հայաստանի առաջնության բարձրագույն խումբ մտնելն է

«Յունիոր Սեւան» ֆուտբոլային թիմի գերնպատակը Հայաստանի առաջնության 
բարձրագույն խումբ մտնելն է

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանը Գեղարքունիքի մարզում դարձավ առաջին քաղաքը, որը Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրեց՝ չհաշված Մարտունու «Ալաշկերտ» թիմի մասնակցությունը 1992 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը:

«Յունիոր Սեւան»-ի նորամուտը սպասվածից ավելի հաջող ստացվեց: Բավական է ասել, որ 11 խաղից թիմը տարել է 10 հաղթանակ, 1 խաղ էլ ավարտել ոչ ոքի արդյունքով:«Արմենպրես»-ի հետ զրույցում թիմի ստեղծման, հովանավորման, առաջիկա անելիքների եւ նպատակների մասին է պատմում Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
«Մինչ թիմի ստեղծմանն անդրադառնալը՝ մի փոքր նախապատմություն: Իմ նախընտրական ծրագրերում Սեւանի մարզական կյանքի աշխուժացման ուղղված քայլերը հստակ էին ու կոնկրետ, որոնց ուղղությամբ էլ այս տարիների ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Սեւանում անցյալ դարի 80-ականներին գործել է «Ախթամար» ֆուտբոլային թիմը, որն իր հաջողություններով, մարզական նվաճումներով դարձել էր սեւանցիների ֆավորիտը: Միջին եւ ավագ սերնդի սեւանցիները լավ են հիշում «Ախթամար»-ի հաղթարշավը: Տասնամյակներ անց` ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ճանապարհին, Սեւանում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը դարձավ այն կայծը, որն ստիպեց՝ կրկին անդրադառնալ ֆուտբոլային թեմային:

Համայնք-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մի քանի օր անց պաշտոնապես կգործարկվի ֆուտբոլի մարզադաշտը` իր ենթակառուցվածքներով: Սկսվել են նաեւ երկրորդ մարզադաշտի կառուցման աշխատանքները: Հաջորդ քայլը ֆուտբոլային թիմ ունենալն էր: Իմ առաջարկն արժանացավ հավանության, եւ, ի ուրախություն բոլորիս, «Յունիոր Սեւան» թիմը արժանապատվորեն ներկայացնում է Սևան քաղաքը: Ռուսաստանի Դաշնությունում գործող «Յունիոր» ֆուտբոլային դպրոցն իր մասնաճյուղերն ունի շուրջ 16 երկրում, աշխարհագրությունն էլ ընդգրկուն է` Բելառուսից մինչեւ Ղազախստան, Սինգապուրից Չինաստան: Չնայած այս ընդգրկվածությանը` դպրոցը մինչ օրս պրոֆեսիոնալ թիմ չի ներկայացրել այլ երկրների առաջնություններում: Հայաստանն առաջին է, որ «Յունիոր»-ի դպրոցի թիմ հայտավորեց, որի արդյունքում թիմի մարզիկները Սեւանի նորակառույց մարզադաշտում կանցկացնեն իրենց հանդիպումները, կհիմնվի ֆուտբոլի ակադեմիա:

«Յունիոր Սեւան» ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանը թիմի ստեղծումը համարում է մեծ ձեռքբերում, որն անպայման ունենալու է դրական արդյունք: Մի կարեւոր դիտարկում եւս` թիմի անվանման հետ կապված կային տարբերակներ, անգամ` «Ախթամար»-ը, սակայն ես նպատակահարմար գտա «Սեւան» բրենդը օգտագործել, որը նաեւ առաջխաղացման լուրջ հայտ է:

Նորաստեղծ թիմի կազմում եւ փորձառուներ են, եւ սկսնակներ: Ֆուտբոլիստները, ովքեր, մարզչի գլխավորությամբ, իրենց առջեւ դրել են կոնկրետ նպատակ, ունեն լուրջ հավակնություններ: Արդյունքում ձեւավորվում է գերնպատակը` դուրս գալ խաղադաշտ միայն ու միայն հաղթելու, որն էլ տանում է չեմպիոնության: ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատար «Յունիոր Սեւան»-ն անցկացրել է 11 խաղ, տոնել 10 հաղթանակ, 1 ոչ ոքի: Առջեւում հերթական տուրերն են, որոնք եւս խոստանում են լինել գոլառատ: Ֆուտբոլիստների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրանց անցած ճանապարհը, պոտենցիալը, մարզական վիճակը: Հետագայում թիմի համալրման հետ կապված կան մի շարք պլաններ, որոնք դեռեւս քննարկման փուլում են:

Եթե ներկայումս կազմում հիմնական շեշտը դրվում է լեգիոներների վրա /6-7/, ապա ապագայում համալրումը կատարվելու է տեղացի ֆուտբոլիստների հաշվին: Սա ինչ-որ առումով նաեւ դրական է. փորձի փոխանակման արդյունավետ միջոց է ընտրված, որը պետք է օգտագործել նպատակային: Տեղեկացնեմ նաեւ, որ Սեւանում գործելու է մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ պատրաստելու են թիմը համալրող ֆուտբոլիստներ: Կարծում եմ` սեւանցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մասին մենք դեռ կլսենք:

«Յունիոր Սեւան»-ի հաջողություններն ակնհայտ են, հաղթանակները` ոգեւորիչ ու պարտավորեցնող: Մասնակցել եմ թիմի բոլոր հանդիպումներին ու լավ գիտեմ, թե ինչպես են ծնվում այդ հաղթանակները: 1-ին խմբի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում հաստատուն լինելն էլ դրա ապացույցն է: Սա ճանապարհ է հարթում բարձրագույն խումբ: Թիմի մուտքն արդեն տեսանելի է ու աչքի ընկնող, կասկած չկա, որ առաջմղման համար էլ պետք է գտնվեն բավարար միջոցներ: Թիմի տնային խաղերի անցկացումն էլ մոտ ապագայի խնդիր է: Նոյեմբերի կեսից էլ մարզադաշտը պատրաստ կլինի ընդունելու ֆուտբոլային հանդիպումներ: Ամեն ինչ դեռ առջեւում է, սպասենք ու վայելենք «Յունիոր Սեւան»-ի հաղթանակները»,-ներկայացրեց Սեւանի քաղաքապետ, «Յունիոր Սեւան» թիմի կայացման ու հաջողությունների մեջ հիմնական ջանքեր ներդրած Սարգիս Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]