1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և տուն-թանգարանի հիմնադրման 40 ամյակներին նվիրված գիտաժողով

Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և տուն-թանգարանի 
հիմնադրման 40 ամյակներին նվիրված գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 25-27-ը անցկացվելու է միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և տուն-թանգարանի հիմնադրման 40 ամյակներին: Գիտաժողովի մասնակիցների թվում են կոմպոզիտորի ուսանողները, անվանի երաժիշտներ և հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիա, Գերմանիա, Եգիպտոս, Լատվիա, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստան, Վրաստան: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Արմինե  Գրիգորյանը, գիտաժողովին ներկա է լինելու նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ հայտնի արվեստագետ Մոսկվայից, ինչպես նաև Արցախի և Հայաստանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասնագետները:

«Այս տարին մեզ համար կրկնակի հոբելյանական է, նշում ենք մաեստրոյի ծննդյան 115, ինչպես նաև տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը: Այս տարի մեր գիտաժողովի մասնակիցների թիվն է մեծացել, մասնակցության աշխարհագրությունն է ընդլայնվել: Ես վստահ եմ, որ գիտաժողովը կանցնի հետաքրքրիր, անակնկալ թեմաներով, որովհետև, թվում է թե, Արամ Խաչատրյանի մասին ամեն ինչ հայտնի է, սակայն այդպես չէ: Նա մի այնպիսի մեծություն է, բազմաշերտ անձ է, թողել է հսկայական այնպիսի ժառանգություն, որն անսահման ուսումնասիրությունների տեղ է թողնում»,- ասաց Արմինե Գրիգորյանը:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել Տաջիկստանի կոմպոզիտորների միության անդամ, Տաջիկստանի Թալաբխուջա Սաթորովի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր  Կուդրատուլլո  Յախյաևը, ով եղել է Արամ Խաչատրյանի սանը: Նա նշեց, որ մեծ ուրախությամբ է մասնակցում, քանզի շատ ասելիք ունի Արամ Խաչատրյանի մասին:

«Ես շատ բախտավոր անձնավորություն եմ, ունեցել եմ այնպիսի ուսուցիչ, ինչպիսին  մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Նա իմ ամենասիրելի դասախոսն էր: Արամ Խաչատրյանը գիտեր, որ ես հայր չունեի, և ինձ համար դժվար ժամանակներ էին:  Նա ցուցաբերում էր անսահման բարություն, հոգատարություն, փորձում էր աջակցել տարբեր հարցերում»,-ասաց Կուդրատուլլո  Յախյաևը:

Արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի  Խարաջանյանը կարևորեց գիտաժողովի անցկացումն՝ ընդգծելով, որ օրակարգում ներառված են մի շարք հետաքրքրիր թեմաներ:

«Եկել է Հայաստան մասնակցելու գիտաժողովին, քանի որ շատ հարգում եմ Արամ Խաչատրյանին, բայց ես սիրում եմ նաև տուն թանգարանը, որը շատ հեռու է թանգարանային լռություն հասկացողությունից: Այնտեղ շատ աշխույժ մթնոլորտ է տիրում»,-ասաց նա: Րաֆֆի  Խարաջանյանը գիտաժողովին ներկայացնելու է Արամ Խաչատրյանի ու Բալթյան երկրների միջև կապը, այնտեղ նրա ներկայացվածությունը: Նա խոսելու է Բալթյան երկրներում Արամ Խաչատրյանի գործերի բեմադրման մասին, նա անդրադառնալու է մաեստրոյի սաներին, որոնք հետագայում դարձել են անվանի դեմքեր:

Երաժշտագետ Հայկ Ավագյանը Հայաստան է եկել Եգիպտոսից: Զարմանալի զուգադիպությամբ, վերջին անգամ նա Հայաստան է եկել Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առթիվ:

«Ես գիտաժողովին ներկայացնելու եմ Խաչատրյանի ընկալումը եգիպտական շրջանակներում: Խոսելու եմ այն մասին, թե ինչպես Խաչատրյանի ստեղծագործությունները լայնորեն Եգիպտոս մուտք գործեցին եգիպտական ֆիլմերի միջոցով: Անդրադառնալու եմ Արամ Խաչատրյանի այցելությանը Եգիպտոս, որը մեծ արձագանք ստացավ, նույնիսկ սպասվածից ավելին: Կահիրեում կազմակերպվեց 5, Ալեքսանդրիայում՝ 3 համերգ, որոնք մեծ հնչեղություն ստացան»,-ասաց Հայկ Ավագյանը:

Նշենք, որ գիտաժողովի շրջանակում նախատեսված է նաև երաժշտական հատված, նախատեսված է նաև Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]