Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Իսրայելի գործոնով պայմանավորված Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վերափոխման միտումներ են նկատվում


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասան Ռուհանիի նախագահության առաջին շրջանում ԻԻՀ նոր իշխանությունները, երկրորդական պլան մղելով երկու երկրների միջև առկա խնդիրները, վերանայեցին Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը՝ շեշտը դնելով տնտեսական կապերի խորացման վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Հասան Ռուհանին նախընտրական քարոզչության ընթացքում, գնահատելով Ադրբեջանից  սպասվող վտանգները, հայտարարել էր, որ Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի:

2015թ. սակայն Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնությունից հետո տարածաշրջանում անվտանգության միջավայրը բարելավեց. եթե մինչ այդ Ադրբեջանական Հանրապետությունը դիտարկվում էր որպես Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման հարթակ, ապա միջուկային համաձայնությունից, Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունից, Իսրայելի նկատմամբ Իրանի հռետորաբանության մեղմացումից հետո Իրան-Ադրբեջան հարաբերություններում ևս դրական միտումներ նկատվեցին: Չնայած դրան, Իրանի անվտանգության ուժերը, բարձրաստիճան հոգևորականները, փորձագիտական շրջանակների մի հատվածը վերապահումով էին (են) մոտենում Հասան Ռուհանիի՝ «ադրբեջանական» քաղաքականությանը՝ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնելով Բաքվի հակաիրանական քաղաքականության և Ադրբեջանի տարածքից սպասվող հնարավոր սպառնալիքների մասին:

ԱՄՆ նոր վարչակարգի մերձավորարևելյան քաղաքականության վերանայման արդյունքում ավելի կարևորվեց Իսրայելի անվտանգությունը, և այդ համատեքստում տարածաշրջանում Իրանի ազդեցությունը թուլացնելու նպատակով աստիճանաբար մեծացան Իրանի նկատմամբ ճնշումները և առաջիկայում սպասվող նոր պատժամիջոցներով պայմանավորված դրանք ավելի կուժեղանան:

Նոր իրավիճակում բնականաբար Իսրայելի կողմից պետք է վերարժևորվեր Ադրբեջանի դերակատարությունը, երկիր, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելին հաջողվել է ամուր դիրքեր հաստատել՝ ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ տնտեսության մեջ և լրատվական դաշտում: 

Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին իրանական կողմը մշտապես քննադատաբար է վերաբերել, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի անվտանգության միջավայրում է գտնվել Իրանը: Սակայն վերջին շրջանում Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված Իսրայելի և Ադրբեջանի միջև ընդլայնվող ռազմական համագործակցությունը նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել Իրանին:

Եթե Հասան Ռուհանիի կառավարությունն Ադրբեջանի շուկան չկորցնելու համար դեռ հակված է շարունակել Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը, ապա Իրանի նկատմամբ գործադրվող միջազգային ճնշումների համատեքստում զարգացող Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ֆոնին Իրանի խորհրդարանականների և պահպանողական շրջանակների համար Ադրբեջանի գործողություններն արդեն իսկ լուրջ մտահոգություններ է առաջացրել:

Օրերս ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում պատգամավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Իսրայելի պաշտպանության նախարարի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում արած հակաիրանական հայտարարություններին: Արտգործնախարար Զարիֆը, արձագանքելով խնդրի առնչությամբ Ուրմայից ընտրված պատգամավոր Ղազիփուրի հայտնած մտահագությանը, նշել է, որ Իրանը տարբեր խողովակների, այդ թվում՝ Ադրբեջանում Իրանի դեսպանության միջոցով իր բողոքն է արտահայտել ադրբեջանական կողմին:

Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթակայությամբ գործող իրանական առաջատար տեղեկատվական ռեսուրսներից մեկն Ադրբեջանում բնակվող թալիշների վերաբերյալ լայնածավալ տեղեկատվական-վերլուծական նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվել ԽՍՀՄ-ի լուծարումից հետո Ադրբեջանում ձևավորված թալիշական շարժմանը, Ադրբեջանի իշխանությունների՝ բնիկ ժողովուրդների նկատմամբ վարած ձուլման քաղաքականությանը, և թալիշական շարժման առաջնորդների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին: Իրանական աղբյուրը կասկածի տակ է դրել Ադրբեջանի իշխանությունների՝ այսպես կոչված «բազմամշակութայնության» քաղաքականությունը՝ նշելով, որ 2016թ., երբ Ադրբեջանում հռչակված էր «Բազմամշակութայնության» տարի, այդ երկրում թալիշներից անհամեմատ քիչ թվաքանակ ունեցող հրեաներին ավելի մեծ արտոնություններ էր տրվել, քան թալիշներին, ավելին՝ ամեն ինչ արվել է սահմանափակելու նրանց մշակութային գործունեությունը:

Անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա փոխգործակցությանը՝ պետք է նշել, որ հարցը մշտապես գտնվել է Իրանի պետական կառավարման համակարգի տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում:

Վերջին տարիներին Իրանի արտգործնախարարությունը, մասնավորապես ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը զերծ են մնացել Ադրբեջանի հետ առկա խնդիրները հանրայնացնելուց, սակայն Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում Ադրբեջանի հակաիրանական գործողությունների մասին բարձրայնելը և արտգործնախարար Զարիֆի արձագանքը վկայում են, որ Իրանը ռեալ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանը կրկին կարող է վերածվել հակաիրանական գործողությունների հարթակի: Հատկապես Իրանին մտահոգում է այն փաստը, որ Լիբերմանի՝ ԱՀ կատարած այցից կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի այցն Իսրայել իրականացվում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին: 

Արմեն Իսրայելյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ