1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Երևան 2800» խորագրով 
միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 23-ին բացվեց «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝  նստաշրջանին մասնակցում են 30-ից ավելի գիտնականներ և թանգարանագետներ: Քննարկվում և անդրադարձ է կատարվում Երևանի պատմության հին, նոր և նորագույն ժամանակներին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը, ով կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը Հայաստանում, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն,  պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը նշեց, որ սա թանգարանի հոբելյանական՝  5-րդ գիտաժողովն է, որը համընկել է Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների հետ:  «Զեկուցողները ակադեմիական ինստիտուտներից են, ինչպես նաև տարբեր թանգարաններից: Շոշափվելու են ամենաբազմազան խնդիրներ՝ կապված Երևանի պատմության այս կամ այն հարցի հետ: Մենք ունենք մասնակիցներ  Հյուսիսային Օսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Վլադիմիր Բուտուսովը Թամանյանի ճարտարապետության և Երևանի հետ կապված զեկուցումով է հանդես գալիս և բերել է Հյուսիսային Օսիայի մշակույթի նախարարի ողջույնի խոսքը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին»:

Արմինե Սարգսյանը ասաց, որ գիտաժողովի նպատակն է պարզաբանել Երևանի ոչ միայն անցյալի պատմության, այլ նաև ներկայի հարցերը, որոնք ժամանակին ուսումնասիրվել են տարբեր մասնագետների կողմից, բայց ժամանակը իր դրոշմն է դրել և այժմ դրանք նոր բացահայտումների կարիք ունեն:

Առաջին նիստին իրենց զեկուցումներով հանդես եկան  Հակոբ Սիմոնյանը  (Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն), Աննա Ազիզյանը («Էրեբունի» պատմահնագիտական  արգելոց-թանգարան),  Ալեքսան Յակոբեանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուսլան Ցականյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Անժելա Տերյանը (Երևան քաղաքի պատմության թանգարան):

Խոսելով գիտաժողովի կարևորության մասին՝ թանգարանի տնօրենն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց.  «Երևանը անընդհատ ուսումնասիրության կենտրոնում է, ինչպես նշեց մեր շատ սիրելի ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այս գիտաժողովը իր զեկուցումներով պատասխան է տալիս ադրբեջանական այն անհեթեթություններին, որոնք ողողում են համացանցը: Կարծում եմ՝  սա բարձր մակարդակով պատասխան է նման հայտարարություններին: Երևանը եղել է քաղաքակրթության օջախ դեռ հնագույն  ժամանակներից և շարունակում է մնալ այդպիսին: Եվ մենք Երևանը այ այդպես ենք փոխանցելու մեր սերունդներին՝ մի  տարածք, մի քաղաք, որտեղ ձևավորվել է մարդկային հնագույն քաղաքակրթության օջախներից մեկը»:

Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: Գիտաժողովի նյութերը լույս են կտեսնեն  «Երևան 5» գիտական հոդվածների ժողովածուի մեջ:

Երեկոյան Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդես:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]