1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա

ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի 
դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել արտաքին գործոններով պայմանավորված բացասական հետևանքները  երկրի տնտեսության վրա: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համընկեց այն ժամանակաշրջանի հետ, երբ  միջազգային տնտեսական իրավիճակը ոչ բարենպաստ էր, իսկ դա չէր կարող ազդեցություն չունենալ մեր երկրներից յուրաքանչյուրի տնտեսության վրա: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը թույլ տվեց մեղմել երկրի տնտեսության վրա բացասական հետևանքները, որոնց բախվում էին մեր միության բոլոր երկրները: Չնայած նրան, որ տնտեսության աճն այնքան մեծ չէր՝ այն ավելի դիվերսիֆիկացված դարձավ՝ հիմնված  Միության անդամ երկրներ արտահանման աճի վրա»,- ասաց Նիկիշինան:

Նա հավելել է, որ Հայաստանի ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2017թ. դրան նախորդող տարվա համեմատ ավելացել է 7.5 տոկոսով՝ չնայած նրան, որ աշխարհում այս ցուցանիշները բավականին համեստ էին: «Հայաստանը 2018թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների մեջ տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: Այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է  8.3 տոկոս, որը մեր Միության անդամ երկրների մեջ  ամենաբարձր ցուցանիշն է: 2017թ. զգալիորեն՝ 40 տոկոսով  աճել է Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև 20.5 տոկոսով աճել է արտահանումը երրորդ երկրներ»,- մանրամասնեց ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը:

Նիկիշինան  նաև հավելել է, որ ռուսական շուկայում շատ պահանջված է, օրինակ, հայկական գյուղմթերքը, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև՝ էկոլոգիապես մաքուր:

Անդրադառնալով «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին՝ Վերոնիկա Նիկիշինան շեշտել է՝ կարող են արձանագրել, որ «Եվրասիական շաբաթ»-ը դարձել է անկախ հարթակ, որտեղ քննարկվում են բիզնեսին  հետաքրքիր բոլոր հարցերը:  «Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ծրագիրը, որը ձևավորում ենք յուրաքանչյուր համաժողովի  համար, առավելագույնս հաշվի առնի այն պահանջները և հետաքրքրությունները, որոնք բիզնեսը դնում է մեր առաջ: Առաջին հերթին մենք  ավելի ու ավելի ենք ջանում «Եվրասիական շաբաթ»-ի ընթացքում քաղաքական հարցերից անցում կատարել տնտեսական հարցերի քննարկմանը»,- ասաց նա:

Խոսելով Երևանում անցկացվող համաժողովի առանձնահատկությունների մասին՝ ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը նշեց, որ այս տարի ընդլայնել են համաժողովին բիզնեսի մասնակցությունը՝ հատկապես ցուցահանդեսային միջոցառումների միջոցով:  «Եթե մեր առաջին համաժողովները անցնում էին  հիմնականում քննարկումների հարթակում, ապա այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ցուցահանդեսային միջոցառումներին»,- մանրամասնեց Վերոնիկա Նիկիշինան:

Նա  ցավով արձանագրեց, որ Երևանում մեկնարկած համաժողովն անցնում է մի իրավիճակում, երբ համաշխարհային առևտրի բացասական տենդենցներ են նկատվում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների վրա: «Դրա համար քննարկումների ընթացքում հարցերի մեծ մասը նրա մասին էր, թե ինչպե՞ս է միջազգային առևտրի էրոզիան ազդելու մեր Միության զարգացման վրա, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում դիմակայել արտաքին մարտահրավերներին»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]