Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

ԱԺ նախագահը ճիշտ է համարում ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար հենց պատգամավորների կողմից նիստ հրավիրելու նախաձեռնությունը


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ճիշտ մոտեցում է համարում, որ ԸՕ փոփոխությունները կրկին ԱԺ բերելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն են ցուցաբերել պատգամավորները, այլ ոչ թե կառավարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես համաձայն եմ այն մոտեցմանը , որ հիմա իրենց պարտականությունները չկատարած, քվեարկությանը չմասնակցած պատգամավորների վրա է դրված, որ հավաքեն ստորագրություններ, օրենսգրքի ընդունման հարցով նորից հրավիրեն արտահերթ նիստ: Սա շատ ճիշտ մոտեցում էր, ողջունում եմ, որ կառավարությունը երկրորդ անգամ չի հրավիրել նիստը, այլ այդ հնարավորությունը տվել է նրանց, ովքեր չիրականացրին իրենց պարտավորությունները»,-ասաց Բաբլոյանը:

ԱԺ նախագահի կարծիքով՝ այս պահին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն  է: Խմբակցությունում գաղափարակից գուցե 40 մարդ էլ չկա հիմա: Նա սխալ համարեց, որ ԸՕ փոփոխությունների չընդունման պատասխանատվությունը դնեն ընդդիմության վրա: «ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կարճ ժամանակում պատրաստ չէ փոփոխությունների, սակայն  նշել էինք նաև, որ դեկտեմբերի կգնանք խորհրդարանական ընտրությունների: Այդ առումով հայտարարել ենք, որ չենք ներկայացնի թեկնածու, չենք խոչընդոտի ընտրությունների անցկացմանը նույնիսկ դեկտեմբերին: Մեր խմբակցությունը հստակ է քաղաքական դիրքորոշման մեջ»,-ասաց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ ԸՕ փոփոխությունների ընդունման համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ էին ՀՀԿ-ի ձայները, Բաբլոյանն ասաց, որ կա առնվազն 67-69 մարդ, ովքեր տվել են իրենց համաձայնությունը,  որ կաջակցեն օրենսգրքի ընդունմանը: Եվ ցավալի համարեց, որ մարդիկ միայն խոսքով էին տվել համաձայնությունը:

Բաբլոյանը վստահեցրեց՝ ինքը որպես ԱԺ նախագահ, թե հեղափոխությունից առաջ, թե հետո կատարել է իր պարտականությունները, որ ապահովի բնականոն աշխատանք: Նա նշեց՝ ԸՕ քվեարկության քսան րոպե հետաձգման համար ինքը տվել է հնարավորություն, այսինքն ՀՀԿ-ն որևէ ճնշում չի ունեցել իր որոշման վրա:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներԴեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ