Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Գիլիերմո դել Տորոն անիմացիոն մյուզիքլ կնկարահանի Պինոկիոյի մասին. The Hollywood Reporter

Գիլիերմո դել Տորոն անիմացիոն մյուզիքլ կնկարահանի Պինոկիոյի մասին. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն պատրաստվում Է նկարահանել «Պինոկիո» տիկնիկային անիմացիոն ֆիլմը իտալացի գրող Կառլո Կոլոդիի հեքիաթի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը:

Նրա տվյալներով՝ կինոնկարը լինելու Է մյուզիքլ, ընդ որում՝ Պինոկիոյի մասին պատմությունը կներկայացվի նոր ընթերցմամբ. դրա գործողությունը զարգանալու Է Իտալիայում ֆաշիզմի ձեւավորման ֆոնին: Նկարահանումները կսկսվեն աշնանը: Նշվում Է, որ դել Տորոն կինոժապավենի արտադրությունը ձեռնարկելիս հանդես կգա ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ պրոդյուսեր, ինչպես նաեւ սցենարիստ:

«Արվեստներից ոչ մեկն իմ կյանքի ու իմ աշխատանքի վրա այնքան չի ազդել, որքան անիմացիան, եւ պատմության մեջ հերոսներից ոչ մեկի հետ ես չեմ զգացել այնպիսի խորը անձնական կապ, ինչպես Պինոկիոյի հետ»,-հայտարարել Է ռեժիսորը: Նա նշել Է, որ միշտ ցանկացել Է նկարահանել այդ մուլտֆիլմը:

Ինչպես ճշտում Է հանդեսը, ռեժիսորը մուլտֆիլմի ստեղծման համար արդեն հավաքել Է նկարիչների, սցենարիստների եւ կինոինդուստրիայի մյուս ներկայացուցիչների թիմը: Այսպես, սցենարի համահեղինակ կդառնա Պատրիկ Մաքհեյլը, որը եղել Է «Արկածների ժամանակը» (2010-2018 թթ.) մուլտսերիալի սցենարիստը եւ «Ցանկապատի մյուս կողմում» կինոնկարի (2014 թ.) ստեղծողը:

Որպես համառեժիսոր հանդես կգա տիկնիկային անիմացիայի բնագավառի մասնագետ Մարկ Գուստաֆսոնը, որը մասնակցել Է «Աննման վարպետ Ֆուքսը» (2009 թ.) կինոնկարի նկարահանման աշխատանքին: «Օսկար» մրցանակի հանձնման 90-րդ արարողության ժամանակ Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» կինոնկարը (2017 թ.) ստացել Է գլխավոր պարգեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ