Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն առաջարկել է Տաջիկստանին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ուսումնական այցը կազմակերպվել է Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:

«Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն ոլորտի պետական մարմինների,  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով: Կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից,  հանդիպման ընթացքում նշել է Արման Թաթոյանը:

Ծրագրի շրջանակում պատվիրակության անդամները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը և ազատությունից զրկված վայրեր իրականացվող չհայտարարված մշտադիտարկման այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին՝ իրենց երկրում ներդնելու նպատակով:

Ոլորտի ամբողջական ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աջակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում և Պրոբացիայի ծառայությունում:

Ուսումնական այցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվել են նաև ճանաչողական բնույթի այցեր ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայր և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Պատվիրակության անդամներն այցի ավարտին հետագա արդյունավետ համագործակցության վստահություն են հայտնել:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ