Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Դեկտեմբերին կայանալու են արտահերթ ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է.Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ անում է սաբոտաժի քաղաքականություն վարելու համար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների փաթեթի քվեարկությանը:

«Տապալվեցին Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Հարկ եմ համարում ասել, որ այդ փոփոխություններն ուղղված էին Ընտրական օրենսգիրքն ավելի ժողովրդավարական, պարզ, հասկանալի դարձնելուն: Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, առանց դրանց չենք կարողանա որևէ քայլ անել: Խորհրդարանական մեծամասնությունն ու նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար: Վերջին օրերին դա ակնհայտ երևաց: Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, ապա դա բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակը անխուսափելի է:

«Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին պատրաստվել արտահերթ ընտրություններին՝ իշխանափոխությունը, հեղափոխություն իր հանգրվանին հասցնելու համար: Ինչ օրենսգրքով էլ անցնեն ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, ռևանշ չի լինելու: Հայաստանում շարունակվելու է պայքարը կոռուպցիայի դեմ, հանուն ազգային միասնության: Հեղափոխությունը շարունակվում է, այն հասնելու է իր հանգրվանին: Դեկտեմբերին կայանալու են արտահերթ ընտրությունները, որտեղ ժողովուրդը հաղթելու է: Խորհրդարանում քվեարկությունը ցույց տվեց, որ կառավարությունն աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, սաբոտաժը վերջնական հանգրվանի չի հասնի, վերջնական հանգրվանի կհասնի ժողովրդի հաղթանակը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում չստացավ անհրաժեշտ թվով ձայներ: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց     56, դեմ՝ 3 պատգամավոր: Օրինագծերի փաթեթը հաստատելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ստորագրություն: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ