ՀՅԴ պատգամավորն առաջարկվող Ընտրական օրենսգիրքը գործող օրենսգրքից մի քանի քայլ առաջ է համարում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում մեծապես տեղ են գտել ՀՅԴ-ի առաջարկները: Խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն առաջարկվող օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է համարում գործողից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սեյրանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը:
«Ընտրական օրենսգրքի բարեփոխումները մի քանի քայլ առաջ են նախորդից՝ ապահովելու համար քաղաքական ուժերի պատեհությունները մասնակցության համար: Ներկայիս խմբագրության մեջ ներգրավված առաջարկների ճնշող մեծամասնությունը եղել են մեր առաջարկությունները»,-վստահեցրեց Սեյրանյանը:
Նրա համար Վենետիկի հանձնաժողովի կարծիքն, անշուշտ, կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, հանրության կողմից օրենքի բովանդակության հետ կապված մոտեցումը: «Անշուշտ, շատ կարևոր է լեգիտիմ խորհրդարան ունենալը: Շատ ավելի կարևոր է հանրային ընկալման մեջ լեգիտիմության ամրապնդումը, այն է՝ բոլոր քաղաքական ուժեր հավասար հնարավորություն ունեցել են իրենց գաղափարները ներկայացնելու առումով»,-նշեց պատգամավորը:
Խախտումերի ծավալների մասին խոսելով՝ Սեյրանյանը նշեց, որ եթե դատական մարմինները հնարավորություն չեն ունենալու խախտումերի հիման վրա վերահաշվարկը պատահականության սկզբունքով այլ ընտրատեղամասերում ևս անել և պրոյեկտել ընտրությունների արդյունքների վրա, ապա նախորդ անգամներից մնացած սուբյեկտիվ նույն կասկածը չի փարատվում: Պատգամավորը նկատեց՝ շեմը չհաղթահարող ցանկացած ուժ համարելու է, որ այդ խախտումներ իրապես ազդել են իրենց չանցնելու վրա: Սեյրանյանը շեշտեց՝ այդ կասկածները փարատելու համար պետք է կիրառել համապատասխան գործիքներ:
Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում