Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

#CultTalk. Թե ինչպես էր Պլասիդո Դոմինգոն ելույթներից առաջ ոգեշնչում Լիաննա Հարությունյանին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օժտված լինելով ձայնային աչքի ընկնող կարողություններով՝ այս երգչուհին հանդես է գալիս ծավալուն օպերային երկացանկով՝ անթերի կատարելով տարբեր կոմպոզիտորների գործեր:  Իր երաժշտական կարիերան սկսելով որպես դաշնակահարուհի ու երգչուհի՝ նա մշտապես գիտակցել է, որ իր ապագան հենց երգարվեստում է: «Արմենպրես»-ի #CultTalk նախագծի հերոսը սոպրանո Լիաննա Հարությունյանն է:  Հոկտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կանցկացվի Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան: Լիաննա Հարությունյանը մարմնավորելու է հենց Մադամ Բաթերֆլային: «Արմենպրես»-ի հետ զրույցում օպերային երգչուհին պատմում է առաջիկա պրեմիերայի, Քովենտ Գարդենում առաջնաելույթի ու աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ համագործակցության մասին:

«Մադամ Բաթերֆլայ»

«Մադամ Բաթերֆլայ» վաղուց էինք ուզում ներկայացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Ես հիմա իմ երգացանկում այս դերերգը շատ եմ կատարում բազում թատրոններում: Այդ դերը 2013-ից եմ կատարում: Երևանյան ներկայացումից հետո Բաթերֆլայի դերերգով հանդես կգամ Վիեննայի պետական օպերայում և Լիսեուի մեծ թատրոնում (Բարսելոնա):

Առանց Հայաստանի հնարավոր չէ…շնչել

Ես այս տարիներին Հայաստան հաճախ եմ եկել, որովհետև շատ մտերիմներ ունեմ այստեղ: Առանց Հայաստանի պարզապես չեմ կարողանում շնչել: Բայց այս տարի հայ հանդիսատեսի առջև 22 տարվա դադարից հետո համերգով հանդես եկա: Ինձ համար շատ պատասխանատու էր, շատ հուզիչ: Այս անգամ «Մադամ Բաթերֆլայ»-ի պրեմիերայից առաջ էլի հուզմունք կա, բայց մի քիչ ավելի հանդարտ եմ: Ուզում եմ, որ իմ ելույթները Հայաստանում ավելի հաճախակի լինեն:

Առաջարկներ կան, ծրագրեր ունենք նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ: Ուղղակի ես պետք է գրաֆիկիս հետ կարողանամ հարմարեցնել:

Մենակատար հասկացությունը

Երբ ես ելույթ եմ ունենում որևէ կոլեկտիվի կամ երաժիշտի հետ, ես չեմ մտածում, որ ես մենակատար եմ և մնացածն ինձ նվագակցում են:  Մենք մի խումբ ենք, ամբողջություն, և երբ համերգ ենք տալիս, դա իմ մենահամերգը չէ, մեր համատեղ ելույթն է: Չեմ սիրում մենակատար հասկացությունը…

Դաշնամուրն ու դերասանական տաղանդը

Ես երաժշտական կրթություն ունեմ, 7 տարի դաշնամուրի դասերի եմ հաճախել: Չեմ կարող ասել, որ անտարբեր էի ջութակի կամ թավջութակի հանդեպ, բայց դաշնամուրն ավելի հեշտ էր նվագակցելու համար: Երբեք նպատակ չեմ ունեցել դաշնակահարուհի դառնալու, չնայած որ ուսուցիչս շատ մեծ հույսեր էր ինձ հետ կապում: Ես միշտ ցանկություն ունեի բեմի վրա լինելու, փոքրուց դերասանական տաղանդ ունեի: Օրինակ, վերցնում էի մայրիկիս հագուստները, սկսում էի ինչ-որ դերեր մարմնավորել:

Հարությունյանը՝ Վերդիական սոպրանո

Վերդին շատ հետաքրքիր կոմպոզիտոր է: Վերդիի գործերը երգելու համար պետք է շատ հատկանիշներ ունենաս: Դու չես կարող Վերդի «չորուցամաք» երգել: Վերդին այն կոմպոզիտորն է, որի գործերը շատ բարդ է կատարել:

Մեծ թատրոններում ես սկսեցի հանդես գալ Վերդիի գործերով, և երևի թե դա էր պատճառը, որ ինձ ճանաչեցին որպես վերդիական երգչուհի: Բայց ես չեմ ուզում, որ դա կարծրատիպ մնա, ուզում եմ ընդլայնել իմ երկացանկն ու երգել նաև այլ կոմպոզիտորների գործեր:

…Լեզուն շատ բան է փոխում երգեցողության մեջ: Դու չես կարող ռուսերեն երգել այնպես, ինչպես հայերեն: Յուրաքանչյուր լեզու ունի իր մոտեցումը և պետք է զգալ, հասկանալ ու մոտիկից ըմբռնել:

Առաջնաելույթ՝ Քովենտ Գարդենի արքայական թատրոնում

2013-ին ես հանդես եկա Քովենտ Գարդենի արքայական թատրոնում առաջնելույթով՝ դիրիժոր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ կատարելով Էլիզաբեթ Վալուայի դերը Վերդիի «Դոն Կառլոս»-ում: Ամենատպավորիչ ելույթն էր, որով ես ճանաչվեցի միջազգային բեմում: Շատ պատասխանատու օր էր, պատասխանատու պահ: Որոշիչ իմ կարիերայի մեջ: Չեմ կարողանում այդ օրը համեմատել մյուս օրերի հետ, որովհետև դա անմոռանալի, անբացատրելի մի բան էր:

Համագործակցություն՝ Պլասիդո Դոմինգոյի հետ

Պլասիդո Դոմինգոյի հետ 2015-ին երգեցի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում, հանդես եկա Ամելիայի դերերգով:  

5 ներկայացում խաղացինք, ու պետք է ասեմ, որ  ամեն անգամ հրաշք էր կատարվում բեմի վրա: Դոմինգոն շատ խարիզմատիկ, հետաքրքիր անձնավորություն է : Համագործակցությունը շատ հետաքրքիր անցավ: Սովորաբար ներկայացումը սկսվելուց երկու ժամ առաջ ես գալիս էի, սկսում էի փոխվել, ձայնավարժություն անել: Ներկայացման սկզբում Դոմինգոն գալիս էր, մտնում էր իմ հանդերձարան, ծաղիկներ էր նվիրում ինձ, գրկում էր, կատակում էր, տրամադրությունս բարձրացնում, այդ ջերմությամբ հեռանում էր: Ամեն ներկայացման մեկնարկին գալիս էր, նույն ջերմ վերաբերմունքը ցույց տալիս ու գնում: Ասեմ, որ շատ հազվադեպ է նման բան պատահում: Շատ հաճելի էր:

…Պիտի անկեղծ լինեմ և ասեմ, որ շատ հազվադեպ եմ մեր դաշտում նկատել մրցակցություն: Մենք շատ լավ մթնոլորտում ենք աշխատում: Երևի թե հասկացել ենք, որ եթե կոլեգան լավ վիճակում է, դա նաև մյուսի հաջողությունն է, ներկայացման հաջողությունը:

Աջակցություն արվեստին

Առանց արվեստի մարդիկ չեն կարող ապրել: Լավ կլինի, որ մարդիկ հասկանան դա, հասկանան, թե արվեստն ինչքան մեծ դեր կարող է ունենալ իրենց կյանքում: Ես ուզում եմ, որ մեր հայ բարերարները հասկանան, որ մեր մշակույթը, մշակույթի գործիչներն իրենց թիկունքի, աջակցության, մասնակցության կարիքն ունեն:

Մարդիկ կարիք ունեն հոգևոր սննդի: Ամբողջ աշխարհում բարերարները մեծ փողեր են տալիս արվեստին, դա շատ ակտուալ է: Շատ կուզենամ, որ հայ բարերարների մասնակցությունն էլ ավելի ակտիվ  կլինի: 

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ