Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հայկական հայտնի ռոք խմբերը  շնորհավորեցին Երևանի հիմնադրման 2800-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բամբիռ», «Նեմրա», «Որդան կարմիր», «Դոգմա» և մի շարք այլ սիրված հայկական ռոք խմբերը ելույթներ ունեցան «Երևանյան ռոք» հարթակում՝ Երևանի հիմնադրամն 2800-ամյակի առթիվ շնորհավորելով մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: Նրանք իրենց բոլոր կատարումները նվիրեցին Երևանին՝ մայրաքաղաքին մաղթելով սեր ու ջերմություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրը տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրապարակում:

«Երբ ասում եմ Երևան, առաջին հերթին աչքերիս առաջ է գալիս այն տեսարանը, որը բացվում է Հաղթանակի զբոսայգու բարձունքից: Տեսանելի է Երևանն իր ամբողջ գեղեցկությամբ, հմայքով, և հատկապես գրավիչ է Մասիս սարը»,-մեզ հետ զրույցում նշեց «Նեմրա» խմբի դաշնակահար Մարիաննան՝ շնորհավորելով Երևանի տոնը:

Անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին՝ Մարիաննան շեշտեց՝  շատ ուրախ է, որ նաև ռոք խմբերին են ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռել: «Գոհ ենք համերգից, մեզ հարմարավետ էինք զգում բեմում: Ամենատպավորիչը  երկրպագուների արձագանքն էր, որը չափազանց ջերմ էր, իսկ ներկաների դեմքերը՝ արևային»,- եզրափակեց երաժիշտը:

Ռոքի երկրպագու Սամվելը, որը բուռն էր արձագանքում խմբերի կատարումներին, նշեց, որ ռոքը կոտրում է բոլոր կարծրատիպերն ու ազատություն քարոզում: «Հրաշալի խմբեր են ելույթներ ունենում: Մեծ բավականություն եմ ստանում համերգից: Երևանի տոնն ավելի լավ անհնար էր նշել»,-ընդգծեց նա:

«Հայաստան եմ ժամանել Ֆրանսիայից: Մինչ այս համերգը, կարծում էի, թե լավագույն ռոք խմբերը ԱՄՆ-ում են, այնինչ, հաճելիորեն զարմացա: Ըստ իս՝ գեղեցիկ քաղաք ունեք, հետաքրքիր զբոսավայրերով ու համեղ ուտելիքներ առաջարկող ռեստորաններով»,-ասաց Պիեռը ու նշեց, որ իր ամենասիրելի վայրը Երևանում «Կասկադն» է:

«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվել է 1968 թվականին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: «Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թվականին հատուկ գրվել է«Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվելէ նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ